ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրությանը:
Միջոցառումը կազմակերպել են «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Դիզայն (ըստ ճյուղերի)», «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» մասնագիտություններով սովորող ուսանողները և համապատասխան մասնագիտական առարկաների ամբիոնի դասախոսները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ուսանողներին ու դասախոսներին և մաղթել մտքի մեծ թռիչք, համարձակ գաղափարներ և դրանք իրականություն դարձնելու հնարավորություններ. «Հիմա շատ գաղափարներ ձեզ կարող են անիրատեսական թվալ, բայց մենք այնպիսի մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ անիրատեսական գրեթե ոչինչ չկա: Այս շատ հետաքրքիր ու շատ ստեղծագործական ոլորտում մեծ հաջողություններ եմ մաղթում։ Պետությունն էլ շարունակական ջանքեր է գործադրում, որպեսզի դուք ստեղծագործելու, ձեր տաղանդը ցուցաբերելու նոր հնարավորություններ ունենաք»:
Քոլեջի նորաձևության ցուցադրության հեղինակները նշել են, որ մտահղացման հիմքում գոթիկայի թեման է՝ տարբեր մշակութային շերտերով։ Առաջին հատվածում ներկայացվել են հայկական արվեստից ներշնչված լուծումներ՝ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Երվանդ Քոչարի գեղարվեստական մոտեցումներով։ Յուրաքանչյուր հավաքածու մի պատմություն է՝ ձևավորված ուսուցման ընթացքում, որն իր ավարտուն արտահայտությունն է գտել բեմում։ Նորաձև զգեստների նմուշները միավորել են ժամանակը, տարածությունը և մշակույթը՝ ստեղծելով գոթիկայի նոր, ժամանակակից ընթերցում։