ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալ Բայմուրզաև Մուխտարբեկ Արապբաևիչին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին տարիների կրթության ոլորտում Հայաստանում իրականացվող մեծածավալ բարեփոխումները, ինչպես նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը և առաջիկա զարգացման տեսլականը՝ ընդգծելով, որ մարզային դպրոցների փորձով ծրագիրն այս տարվանից կփորաձարկվի նաև մայրաքաղաքի որոշ դպրոցներում։ Անդրադառնալով կրթության բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ բոլոր դպրոցներում փուլային եղանակով ներդրվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքում սովորողների կարողունակությունների և հմտությունների զարգացումն է։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարի արդեն հինգերորդ անգամ իրականացվել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, և ՀՀ-ում յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ արդեն ատեստավորված է և ունի ավելի բարձր և արժանապատիվ աշխատավարձ։ Զուգահեռաբար ներդրվել են նաև այլ խրախուսման մեխանիզմներ, մասնավորապես՝ տարակարգի համակարգը, մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների և ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրումը:
Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալ Մուխտարբեկ Արապբաևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը հանրակրթության ոլորտում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին, «Արմաթ» ճարտարագիտական և «Ֆաբ Լաբ» թվային լաբորատորիաների, «Թումո» և COAF կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագրին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։