ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Տաջիկստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մուզաֆարզոդա Բադրիդդինին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն։

Տաջիկստանի կրթության և գիտության նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու մայիսի 18-22-ը Երևանում անցկացվող Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սննդի» կայուն ազգայնացմանը նվիրված միջոցառումներին։

Ողջունելով հյուրերին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Հայաստանի և Տաջիկստանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական և արդյունավետ զարգացումը, հատկապես կրթության ոլորտում։ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը՝ նշելով, որ դրա կառավարումն ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ կառավարությանը և իրականացվում է բացառապես պետական բյուջեի միջոցներով։ Այսօր արդեն հանրապետության բոլոր մարզային դպրոցների տարրական դասարանների ավելի քան 106 հազար երեխաներ ապահովված են դպրոցական սննդով՝ հիմնականում տաք սննդից օգտվելու հնարավորությամբ։ Մեկնարկել են աշխատանքները Երևանում ծրագրի ներդրման ուղղությամբ․ սեպտեմբերից ծրագիրը փորձնական ձևաչափով կներդրվի մայրաքաղաքի որոշ դպրոցների տարրական դասարաններում: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ծրագրի դրական ազդեցությունն արդեն զգալի է ՀՀ մարզերի դպրոցականների շրջանում․ երեխաները վերանայում են իրենց սննդակարգը, ստանում ավելի առողջ սնունդ և միաժամանակ գիտելիքներ՝ ճիշտ և առողջ սնվելու վերաբերյալ։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության դպրոցաշինության լայնածավալ ծրագրերը, որոնց շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում խոհանոցային և ճաշարանային ենթակառուցվածքների կառուցմանն ու արդիականացմանը։

Տաջիկստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մուզաֆարզոդա Բադրիդդինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։

Քննարկվել են նաև թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ՀՀ կրթական համակարգում առկա են տեխնոլոգիական կրթության նորարար ծրագրեր, որոնք հաջողությամբ արտահանվում են: Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համադրման համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է «Արմաթ» ճարտարագիտական և «Ֆաբ Լաբ» թվային լաբորատորիաների, ինչպես նաև «Թումո» և COAF կենտրոնների գործունեությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։