ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի վարպետության դասերը։ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող մրցույթի առաջին փուլին մասնակցել են շուրջ 20 կրթական հաստատությունների 67 երիտասարդ երաժիշտներ, որոնցից 32-ը հաղթահարել են մրցութային փուլը և այժմ մասնակցում են երկրորդ փուլի վարպետության դասերին։
Վարպետության դասերն անցկացնում են Երևանից և Գյումրիից հրավիրված առաջատար մասնագետներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ-մասնագետներ Գևորգ Ավետիսյանը, Տիգրան Ավագյանը, Ավետիք Ղազարյանը, ինչպես նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս-մանկավարժներ Սպարտակ Պետրոսյանը, Լուսինե Ղուկասյանը, Վելիխան Խաչատրյանը, Արման Շաբոյանը և երաժիշտ-մանկավարժ Գագիկ Մխիթարյանը։ Դասերը կտևեն հինգ օր։
Դասընթացներն իրականացվում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում և Գյումրու Հայորդյաց տանը՝ նվագախմբի գործունեության հասցեում։
Ծրագրի եզրափակիչ փուլը՝ գալա համերգը, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հունիսի 1-ին՝ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Հունիսի 2-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը և դիպլոմների հանձնումը։
Գալա համերգը կկայանա Գյումրու կամերային դահլիճում (հասցե՝ ք. Գյումրի, Շչերբինայի փողոց 3)։