Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ասուլիսի բանախոսներ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և «Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տնօրեն Մարինե Մկրտչյանը շնորհավորել են թանգարանների ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Նախարարի նշմամբ՝ Կառավարությունը թանգարանների ոլորտում վերջին տարիներին իրականացնում է ակտիվ քաղաքականություն, որը միտված է թանգարանների՝ հանրային կյանքի ակտիվ հարթակի վերածմանը: «Թանգարանները պետք է հանրային կյանքի ակտիվ մասնակիցը դառնան, հանրությանը և զբոսաշրջիկներին հաղորդակից դարձնեն մեր ժառանգությանը՝ իրականացնելով տարբեր կրթական ծրագրեր, մշակույթի միջոցով երկխոսություն բացելով ամենաբարդ թեմաների շուրջ: Թանգարանների միջազգային օրվա առիթով ընտրված խորագիրը՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը», ցույց է տալիս թանգարանների ներուժը և կարևորագույն ուղերձները»,- նշել է նախարարը և ուրախությամբ փաստել, որ վերջին տարիներին թանգարանները ներկայացնում են բազմապիսի ու հետաքրքիր ծրագրեր:
Նախարարն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ծավալին և կապիտալ ներդրումներին. «Պետբյուջեի միջոցներով կապիտալ ներդրումներ են արվել 19 թանգարանում թե՛ շենքային պայմանների բարելավման, և թե՛ գույքով հագեցման նպատակով: Մեծ ուշադրություն է դարձվում թանգարանների մարքետինգային քաղաքականությանը. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ թանգարան այցելուներ բերելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Այս ուղղությամբ աշխատանքների շատ կարևոր մասը հուշանվերային արտադրանքի ներկայացումն է: Սա նաև կարևոր է մեր մշակութային ժառանգության հանրահռչակման առումով: Այս ուղղությամբ վարում ենք առանձին քաղաքականություն. Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքներում շուտով կունենանք նոր հայեցակարգով ձևավորված վաճառասրահներ, որտեղ կներկայացնվի նաև հուշանվերային արտադրանքը՝ նպաստելով թանգարանների ֆինանսական հոսքերի ավելացմանը: Նախորդ տարի ունեցել ենք թանգարաններ, որոնց հուշանվերների վաճառքի մասնաբաժինը կազմել է տարեկան ընդհանուր եկամտի մինչև 42.3%-ը»:
Խոսելով թանգարանների սեփական եկամուտների մասին՝ նախարարն առանձնահատուկ շնորհակալությամբ ընդգծել է, որ թանգարանների սեփական եկամուտները 2025 թվականին 2022 թվականի նկատմամբ աճել են 859 միլիոն դրամով կամ 112%-ով։ Սրա արդյունքում՝ ֆինանսավորման ընդհանուր ծավալում սեփական եկամուտների մասնաբաժինը հասել է մինչև 37.9%-ի. «Սա շատ լավ ցուցանիշ է, որը ցույց է տալիս՝ մեր թանգարանները գնալով էլ ավելի ակտիվ են աշխատում: Նախորդ տարի թանգարանների այցելությունների թիվը 1.3 միլիոնի է հասել, որը նախորդ տարվա ցուցանիշը 9%-ով գերազանցում է, իսկ 2021 թվականի հետքովիդյան շրջանի ցուցանիշն արդեն իսկ գերազանցում ենք շուրջ 40%-ով»։
Նախարարն անդրադարձել է նաև Թանգարանների գիշեր ծրագրին և արձանագրել, որ նախորդ օրերին թանգարաններում գոյացած հերթերը վկայում են՝ միջոցառումը հանրության կողմից սիրված ու պահանջված է: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև թանգարանների հավաքածուները նոր մշակութային արժեքներով համալրելու պետական քաղաքականությունը. «Նախորդ տարի չորս թանգարաններ համալրվել են 16 մշակութային արժեքներով, ավելի քան 332 միլիոն դրամ է հատկացվել այս աշխատանքների համար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվելով շուրջ 29 անգամ»:
Թանգարանային գործի զարգացման առանցքում Ժաննա Անդրեասյանը կարևորել է թանգարանների միջազգայնացումը և ուրախությամբ նշել, որ արդեն իսկ ունենք մեծ ծավալի միջազգային համագործակցություն. «Ձևավորվել է ավանդույթ՝ մեր երկրի Անկախության օրը նշանավորելու թանգարանային նոր ցուցադրությամբ՝ միջազգային համագործակցության շրջանակում»:
Նախարարը մատնանշել է նաև մեկ այլ նոր նախաձեռնություն՝ թանգարանների աշխատողների ատեստավորման գործընթացը և հավելել, որ Կառավարության այս քաղաքականությունը միտված է մասնագիտական զարգացմանն ու վարձատրության էական բարձրացմանը բոլոր ոլորտներում:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և «Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տնօրեն Մարինե Մկրտչյանը ներկայացրել են իրենց տնօրինությամբ գործող թանգարանների իրականացրած լայնածավալ աշխատանքը միջազգային գործընկերների համագործակցությամբ, տարաբնույթ կրթական ծրագրերն ու առաջիկա աշխատանքների ծավալը: