Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են նաև «Հին Խնձորեսկ» և ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցներ։
Նախորդ տարվանից մեկնարկել են Խնձորեսկի հնավայրի բարեկարգման աշխատանքները։ Իրականացվել են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։ Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճաններ են կառուցվել, արահետները գծանշվել են ու կահավորվել ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։
Այժմ իրականացվում են տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման աշխատանքները։ Կենտրոնն ապահովելու է համալիր ծառայությունների մատուցում (զբոսավարի, պահպանության, անվտանգության, և այլն)։ Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը։
Նմանօրինակ կենտրոն է կառուցվել նաև «Զորաց քարերում»։ Նորակառույց կենտրոնում լինելու է տոմսավաճառ, հուշանվերների վաճառակետ, փոքրիկ սրճարան, ցուցասրահ։ Այցելուները ոչ միայն կծանոթանան «Զորաց քարերի» գաղտնիքներին, այլև կտեսնեն պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոներ։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել է՝ նախորդ տարվա համեմատ «Զորաց քարեր» այցելուների թիվը կրկնապատկվել է։