Եվրոպայի օրվա շրջանակում Ալավերդու մշակույթի կենտրոնում անցկացվել է տոնական համերգային ծրագիր։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև մշակույթի կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Եվրոպայի օրվա առիթով՝ կարևորելով տոնը ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում և մարզերում նշելու հնարավորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպայի օրը բազմազան և բովանդակալից ձևաչափով համատեղ կազմակերպելու համար։
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Մեր համագործակցությունն արդեն ռազմավարական բնույթ է կրում, իսկ վերջերս կայացած գագաթնաժողովը ևս մեկ անգամ վերահաստատեց այդ կարևոր իրողությունը և ցույց տվեց համագործակցության ընդլայնման մեծ ներուժը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այդ գործընկերության հիմքում մարդկանց միջև շփումն է՝ կրթությունը, մշակույթն ու հաղորդակցությունը։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկկողմ կապերն ավելի ընդգրկուն ու բովանդակալից դառնան՝ նպաստելով փոխադարձ վստահության ամրապնդմանը և ընդհանուր նպատակների իրականացմանը։