Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Օրակարգում ներառված էր մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախաձեռնության ներկայացում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հարցի քննարկումը հասարակական խորհրդի անդամների հետ՝ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկները նախաձեռնության վերաբերյալ։ «Իրականում բազմաթիվ մտահոգիչ երևույթներ, օրինակ՝ բուլինգը և երեխաների ապահովությունը, շատ հաճախ ֆիզիկական միջավայրից տեղափոխվում և ձևափոխվում են նաև վիրտուալ տարածքում տեղի ունեցող երևույթների, և երեխաների պաշտպանվածությունը սոցիալական հարթակներում դառնում է կարևորագույն խնդիր։ Ընդհանուր առմամբ՝ աշխարհն այսօր չունի միասնական մոտեցում՝ ինչպես առնչվել այս խնդրին․ կան երկրներ, որոնք գնում են արգելքի ճանապարհով, իսկ որոշ երկրներ ինքնակարգավորման և գրագիտության բարձրացմանն ուղղված քաղաքականություն են վարում։ Այնպես չէ, որ մի տարբերակն ամբողջությամբ ճիշտ է, մյուսը՝ սխալ․ յուրաքանչյուր մոտեցման պարագայում կարող ենք նշել թե՛ առավելություններ, թե՛ բացեր։ Զուտ մեր տեղական կոնտեքստը հասկանալով՝ պետք է կարողանանք պատկերացնել, թե որն ավելի ճշգրիտ մոտեցում կլինի մեր պարագայում։ Իհարկե, բազմաթիվ հարցեր կան՝ սկսած տարբեր տարիքային խմբերի երեխաների վերաբերյալ առանձնացված մոտեցումից, և այդ տարբերակումը հստակ պատկերացնելու կարիք կա։ Պետք է կարողանանք այնքան խելամիտ ու գրագետ մոտեցումներ գտնել, որ մի կողմից պատրաստվենք հնարավոր մարտահրավերներին, մյուս կողմից՝ երեխաներին պատշաճ պաշտպանենք բոլոր ռիսկերից, որը, ինչ խոսք, բարդ խնդիր է։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ կաջակցի այս կարևոր գործում՝ ավելի հստակեցնելու մեր պատկերացումները, և, դուք ունեք հնարավորություն՝ ձեր ներդրումն ունենալու ավելի գրագետ և մտածված մոտեցումներ որդեգրելու հարցում»,-նշել է նախարարը և ընդգծել՝ քանի որ խնդիրը միայն ԿԳՄՍ նախարարության դաշտում չէ, հետևաբար հարցի ուսումնասիրության նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի, Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ։

Օրակարգի հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ թեման շատ զգայուն է, և միանշանակ լուծումներ և կարգավորումներ գտնելը բարդ է։ Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչպիսի սահմանափակումներ են գործում․ «Ամենախիստ սահմանափակումը, կարծես թե, Ավստրալիայում է, որտեղ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր առհասարակ արգելված է։ Եվրոպական երկրներում տարբեր տարիքային շեմ է սահմանված, և ավելի շատ սահմանափակումներ են դրված, օրինակ՝ ծնողական վերահսկողություն, որոշ կայքերի արգելափակում, քան առհասարակ արգելված է։ Սա մի կողմից, բնականաբար, կանխում է ռիսկերը, բայց մյուս կողմից՝ հաշվի առնելով երեխաների թվային գրագիտությունը՝ շրջանցելու որոշ համակարգեր, ոչ միշտ է, որ հաջողում է։ Հետևաբար, այսօր բոլոր զարգացած երկրներում հստակ այս խնդիրը դրված է՝ կտրուկ սահմանափակումները միանշանակ չեն կարող այդքան արդյունավետ լինել»։ Նախարարի տեղակալը մեջբերել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Վնասի կանխարգելումը Հայաստանում» զեկույցից որոշ ցուցանիշներ, որոնք, ըստ Արաքսիա Սվաջյանի, բավականին մտահոգիչ են։ Օրինակ՝ 12-17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան, որն ինտերնետ է օգտագործում, մեկ տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության․ դեպքերի 71%-ը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում, իսկ 57%-ի դեպքում երեխաները նշել են, որ իրենց ծանոթ մարդկանց կողմից է այն իրականացվել։ Բռնության ենթարկված երեխաների 53%-ը նշել է, որ դեպքի մասին չի բարձրաձայնել և միայնակ է մնացել այս իրավիճակում․ «Բնականաբար, երեխաներ կան, որոնք կարողանում են ինքնուրույն լուծումներ գտնել, բայց հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ երեխան վատ տրամադրություն է ունենում, մեկուսանում է, ուսման նկատմամբ մոտիվացիայի անկում է ապրում, և դրա պատճառը որևէ մեկը չի հասկանում։ Այս երևույթները հաճախ կարող են նմանատիպ իրավիճակների հետևանք լինել։ Նաև միջազգային որոշակի ցուցանիշներ կան, օրինակ՝ մեկ տարվա ընթացքում շուրջ 1․2 միլիոն երեխա տարեկան դիփֆեյք տեխնոլոգիաներով ստեղծված սեռական բնույթի կեղծ բովանդակության զոհ է դառնում։ Այսինքն՝ որքան զարգանում են տեխնոլոգիաները, իսկ ներկայում դրանց գումարվել է նաև արհեստական բանականության գործիքակազմը, այնքան խնդիրը մեծանում է»։

Արաքսիա Ավաջյանի խոսքով՝ այս ուղղությամբ բազմապիսի աշխատանքներ են արվել․ օրինակ՝ այս ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարությունը հռչակել էր Անվտանգ և ապահով կրթության տարի, և ամեն ամիս մի ուղղությամբ դպրոցները միջոցառումներ են արել, այդ թվում՝ կիբեռանվտանգության կամ թվային գրագիտության ուղղությամբ․ «Հուսով եմ, որ ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքը որոշակի ազդեցություն ունեցել է։ Մենք կարևորում ենք նաև թվային գրագիտությունը և մեդիագրագիտությունը, և դրանով պայմանավորված՝ 2-րդ դասարանից արդեն երեխաներն անցնում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան։ Մյուս կարևոր ուղղությունը «Առողջ ապրելակերպ» խմբակն է, որը 5-րդ դասարանից երեխաներն անցնում են որպես պարտադիր խմբակ։ Ներկայում Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխություն ենք անում, որով այն դարձնում ենք արդեն պարտադիր առարկա՝ հույս ունենալով, որ ավելի մեծ ազդեցություն կունենա։ Առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից են սեփական մարմնի պաշտպանության, անձնական տարածքի, բռնությունների ճանաչման, բռնության դեպքում արձագանքման մեխանիզմների և այլ ուղղություններով մի շարք դասընթացներ, որոնց հիմքում ինտերակտիվ մեթոդաբանություն է դրված»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ արձագանքման մեխանիզմների հետ կապված մի ընթացակարգ է գործարկվել՝ բոլոր դպրոցներում ձևավորվել են երեխաների պաշտպանության թիմեր, որոնցում ներառվել են կոնկրետ պաշտոններ զբաղեցնող մարդիկ, օրինակ՝ հոգեբան, տնօրենի տեղակալ և այլն։ Որոշակի ընթացակարգ է նաև դպրոցներին տրամադրվել՝ հասկանալու համար, թե արդյոք երեխան ենթարկվում է բռնության, դրա դեպքում ում ուղղորդել, ՏՄԱԿ-ներին և հոգեբանական ծառայությանը, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմիններին ինչպես ներգրավել և այլն․ «Այս համակարգերն արդեն դպրոցներում գործում են, որոնց ազդեցությունը, կարծում եմ, առաջիկայում դեռ կտեսնենք։ Դպրոցը պետք է գիտակցի, որ միայն ակադեմիական կրթությունը չէ իր ուղիղ պարտականությունը․ այն պետք է հանդիսանա նաև երեխայի պաշտպանության օղակ և զգայուն լինի հատկապես ընտանեկան բռնությունների, երեխայի կյանքին, առողջությանը, կենսագործունեությանը վտանգ հանդիսացող իրավիճակների հանդեպ և կարողանա արագ արձագանքել»։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սրանք այն հիմնական գործիքակազմերն են, որոնք այս պահին ներդրվել են և կիրառվում են դպրոցահասակ երեխաների համար, սակայն զուգահեռ աշխատանքներ են տարվում որոշակի իրավական կարգավորումներ մշակելու ուղղությամբ։ Իզմիրլյան հիմնադրամի հետ ստորագրվել է հուշագիր, որն ուղղված է երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության զարգացմանը, և երեխաների հետ որոշակի առնչություն բոլոր կառույցներն ընդգրկված են այս գործընթացում։ «Այնուամենայնիվ, խնդիրը դեռ մնում է ակտուալ, և այս առումով անելիքները շատ են։ Մի շարք երկրներում առանձին օրենքով են կարգավորվում երեխաների՝ սոցիալական հարթակներում ընդգրկվածության հնարավորությունները կամ սահմանափակումները։ ԲՏԱ նախարարության հետ քննարկումներ ունեցել ենք այս ուղղությամբ և մտածում ենք որոշակի սահմանափակումների ճանապարհով գնալ, բայց, բնականաբար, ամբողջ գործիքակազմը պետք է հստակ մտածված լինի։ Մի բան է թղթի վրա գրել, մեկ այլ բան է կարողանալ այն վերահսկել, հետևաբար, այս առումով պիտի այնպիսի ընթացակարգ ու աշխատելակարգ որդեգրենք, որ վստահ լինենք՝ առնվազն 90%-ից ավելի դեպքերում հաստատ կկարողանանք կանխել։ Տարբեր տարիքային խմբերի համար, բնականաբար, տարբեր սահմանափակումներ պիտի լինեն, բայց շատ կտրուկ սահմանափակումների հակված չենք։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կտրուկ սահմանափակումներն այլ տիպի ռիսկեր են բերում՝ երեխայի մեկուսացում, ինտերնետի և սոցիալական մեդիայի միջոցով տեղեկատվության ստանալու խողովակից զրկում և այլն։ Որպես լիազոր մարմին՝ մենք հակված չենք երեխաներին կտրականապես արգելել ուսումնական պրոցեսում կիրառել հեռախոսները, բայց, բնականաբար, դա պիտի շատ զգույշ արվի, որպեսզի բացասական հետևանք չունենա։ Այսօր երեխաների համար, օրինակ, շատ ավելի հեշտ է տեսալսողական ճանապարհով, օրինակ՝ տեսանյութերի կամ աուդիո ճանապարհով ստացված ինֆորմացիան յուրացնել, քան կարդալ։ Մյուս կողմից, սակայն, ընթերցանության խնդիրը լրջագույն մարտահրավեր է, որով պայմանավորված՝ դրան ուղղված ծրագրեր ենք անում դպրոցներում, որպեսզի երեխաները սովորեն կարդալ և այն ընկալել։ Հետևաբար, գտնել այդ բալանսը և նուրբ սահմանը, որը թույլ կտա երեխային օգտվել մեդիատարածքից և զուգահեռ լինել պաշտպանված, շատ դժվար է»,-նշել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ խորհրդի հետ քննարկումը հնարավորություն կտա ավելի լավ լուծումներ գտնել և աշխատանքներն ավելի ճիշտ ուղղությամբ տանել։

Զեկույցից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են կանխարգելման մեխանիզմների հստակեցման, ՀՀ-ում այդ գործիքների իրագործելիության և միջազգային հարթակներին համապատասխանության, տարբեր երկրների փորձի, հիբրիդային մոդելի կիրառման, երեխայի լավագույն շահի ապահովման, ընթերցանության կարևորության, տարիքային շեմի հստակեցման, նույնականացման մեխանիզմների, երեխաների անձնական տվյալների պաշտպանության, սահմանափակման փուլային ներդրման և գործընթացի գնահատման, գերատեսչությունների պատասխանատվության և միջոլորտային հորիզոնական համագործակցության, գործիքակազմերի չափելիության և արդյունավետության, դպրոցներում սմարթֆոնների առկայության, համապատասխան կայքերում որոշակի բովանդակության սահմանափակման, ծնողական վերահսկողության գործիքակազմերի ապահովման, իրազեկման գործընթացի կարևորության, կեղծ օգտահաշիվների և պատասխանատվության, իրավակարգավորման տեսակների, սոցցանցերում որակյալ բովանդակության ստողծման և դրա հանրայնացման, դպրոցներում ծնողական համայնքների ներգրավվածության, հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցցանցերից օգտվելու այլընտրանքի, երեխաների կարծիքի գնահատման և այլ խնդիրներին: Խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել նախաձեռնությունը դեռևս գաղափարի փուլում քննարկելու համար:

Արաքսիա Սվաջյանը հանգամանալից անդրադարձել է բոլոր հարցերին՝ խորհրդի անդամներին տրամադրելով համապատասխան տեղեկատվություն հնչեցված դիտարկումների վերաբերյալ։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման և հետաքրքիր հարցադրումների համար՝ ընդգծելով, որ հասարակական խորհրդում հնչած առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներկայացվեն միջգերատեսչական խմբի քննարկմանը։ Նա վստահեցրել է, որ որոշակի փաստաթուղթ մշակելու պարագայում, բնականաբար, այն կդրվի հանրային քննարկման, և հասարակական խորհրդի անդամների կարծիքներն այդ փուլում վերստին լսելու հնարավորություն կլինի: