Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը, որն անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ միջոցառումը խորհրդանշում է հայ-չինական բարեկամությունը:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև կրթամշակութային, գիտական, երիտասարդության ոլորտներում համագործակցության, կապերի զարգացման ու խորացման ուղղությամբ շոշափելի աճ կա՝ ի դեմս Կոնֆուցիոսի ինստիտուտի, Հայ-չինական բարեկամության դպրոցի, Չինաստանի կառավարության տրամադրած կրթաթոշակային ծրագրի, փոխադարձության հիմունքներով կազմակերպվող թարգմանչական ծրագրի և այլն: Եվ այս միջոցառումը ևս մեկ առիթ է ամրապնդելու այդ կապերը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ վերահաստատելով պետության պատրաստակամությունը խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Նա կարևորել է նաև համագործակցությունը արվեստի և գրականության ոլորտում՝ տեղեկացնելով, որ ակտիվորեն թարգմանվում են դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները՝ հայերենից չինարեն, ինչպես նաև չինարենից հայերեն: Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ այս տարի նախատեսվում է նաև Չինաստանում անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր:

Որպես կարևոր շեշտադրում՝ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության քաղաքականությանը՝ ուղղված հանրակրթության ոլորտում որպես օտար լեզու տարբեր լեզուների դասավանդմանը՝ նշելով, որ չինարենն ակհայտորեն այդ լեզուների ցանկում է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ չինարենի նկատմամբ ՀՀ երիտասարդների շրջանում կա հարաճուն հետաքրքրություն, ինչը պայմանավորված է ոչ միայն օտար լեզուներ սովորելու հայ ժողովրդի մշակութային ավանդույթով, այլև Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությամբ և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության շարունակական ջանքով:

Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և հաջողություն մաղթել մրցույթի մասնակիցներին՝ նշելով, որ «Չինարենի կամուրջ» (Chinese Bridge) համաշխարհային մրցույթի 2026 թվականի հայաստանյան փուլը խորհրդանշական է, քանի որ համընկնում է մրցույթի հիմնադրման 25-ամյակի հետ:

Դեսպան Լի Սինվեյը ևս ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ օտար լեզուների ուսուցումն աշխարհագրական և մշակութային սահմանները հաղթահարելու, տարբեր երկրների մարդկանց հետ շփվելու և բարեկամություն հաստատելու ամենահարմար միջոցն է, և չինարենն այն կամուրջն է, որը տանում է դեպի մեծ աշխարհ: Կարևորելով հայոց լեզվի դերն ազգային ինքնության պահպանման գործում՝ դեսպանն ընդգծել է՝ հայերենի շնորհիվ հայկական քաղաքակրթությունը զարգացել է հազարամյակներ շարունակ՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին:

«Ես հատկապես հպարտ եմ ձեզնով. դուք արդեն իսկ տիրապետում եք աշխարհի ամենաբարդ լեզուներից երկուսին՝ հայերենին և չինարենին: Ես հույս ունեմ, որ դուք կդառնաք այն մարդիկ, որոնք կնպաստեն Չինաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու հայկական մշակույթի տարածմանն ամբողջ աշխարհում»,- դիմելով մրցույթի մասնակիցներին՝ ասել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան դեսպան Լի Սինվեյը։

«Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլին մասնակցում են ուսանողներ և դպրոցականներ՝ ըստ տարիքային խմբերի: Մրցույթը ներառում է չինարենի գիտելիքի ստուգում, ելույթ/ներկայացում, մշակութային ցուցադրություն: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է 2013 թվականից: Այն անցկացվում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի անվան կենտրոնի համակարգմամբ: