ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագիրը, որն այս տարի կանցկացվի հունիսի 2-ից 18-ը։

Ծրագրին կարող են դիմել ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14–18 տարեկան պատանիները։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցույթով, որը բաղկացած է երկու փուլից՝

  • առցանց հայտի և տեսանյութի ներկայացում,
  • հարցազրույց նախնական փուլը հաղթահարած դիմորդների համար։

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • նկարահանել մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութ
  • մինչև մայիսի 17-ը լրացնել առցանց հայտը՝ https://forms.gle/9w1DvCS5E9fjzN8b7

Մրցույթի արդյունքում ՀՀ տարբեր դպրոցների 72 աշակերտներ հնարավորություն կստանան մասնակցելու «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրին։

Ծրագիրը կիրականացվի երկու վայրում՝

  • Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
  • Գյումրիում՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Երևանում կձևավորվեն դրամատիկ, մնջախաղի, մյուզիքլի և պարի խմբեր, Գյումրում՝ դրամատիկ խումբ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն խմբերով՝ մասնագետների և դասախոսների ղեկավարությամբ։ Ծրագրի ավարտին կստեղծվի էտյուդներից կազմված բեմադրություն, որը կներկայացվի հանդիսատեսին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Ծրագիրն իրականացնում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը․ այն միտված է ամրապնդելու դպրոց–թատրոն կապը և նպատակ ունի նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև ապահովելու մշակութային փորձառություն, գիտելիքների և հմտությունների զարգացում։

«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, հետևյալ հղմամբ՝ https://meet.google.com/rxy-ghnn-wqi:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է գրել dasaran.dasakan@gmail.com էլփոստին, հեռ՝ 010-52-57-72 (Աստղիկ Հարությունյան), 055-82-87-66 (Մանե Մկրտչյան), ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/dasaran.dasakan։