ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժ/պ Կարեն Ավետիսյանը:

Հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը և Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ՝ «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը և Կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը 2026 թ. սեպտեմբերի 22-25-ն անցկացվելու են Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում նշել է՝ ֆորումը կլինի բացառիկ հարթակ՝ ընդգծելու եվրոպական ընդհանուր արժեքները, ինչպես նաև խթանելու բովանդակալից երկխոսություն և կառուցելու նոր մշակութային կամուրջներ։

Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էր նաև անդամ երկրների «Մշակութային ուղիների» քարտեզագրումը:

Խորհրդակցական համաժողովը՝ որպես Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի կարևորագույն իրադարձություն, համախմբելու է «Մշակութային ուղիների» և անդամ-պետությունների շուրջ 300 ներկայացուցչի: Այն կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման, մշակութային ժառանգության պահպանության ու արժևորման ոլորտում համատեղ ռազմավարությունների մշակման, կրթական նախաձեռնությունների իրականացման համար՝ խթանելով միջմշակութային երկխոսությունը։ Մասնակիցները կքննարկեն մի շարք մարտահրավերներ՝ կապված մշակութային ժառանգության պահպանության, կայուն զբոսաշրջության զարգացման և համայնքների ներգրավվածության խթանման հետ։ Միաժամանակ, համաժողովը կնպաստի Հայաստանի մշակութային ներուժի ներկայացմանը միջազգային հանրությանը՝ ընդգծելով երկրի դերը՝ որպես տարածաշրջանային կարևոր հանգույց «Մշակութային ուղիների» շրջանակում։

Հավելենք, որ «Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թ. Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոն: Միաժամանակ, այն ցույց է տալիս, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը և կենսունակությանը: 2015 թվականից Հայաստանը «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ է: