ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է ուսումնական հաստատության 25-ամյակը՝ ընդգծելով՝ հոբելյանը լավ առիթ է ամփոփելու անցած ուղին և ուրվագծելու հետագա զարգացման հեռանկարները։
«Ինստիտուտը կարևոր դերակատարում ունի կրթության և գիտության զարգացման գործում՝ նպաստելով որակյալ մասնագետների պատրաստմանը և կրթական համագործակցության ամրապնդմանը։ Առանձնահատուկ կարևորում եմ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի հետևողական աջակցությունն ու գործընկերային ներգրավվածությունը, որոնք կարևոր նշանակություն են ունեցել Երևանի կրթագիտական ինստիտուտի ձևավորման և զարգացման համար։ Վստահ ենք, որ ուկրաինական կողմի շարունակական աջակցությունը ոչ միայն կապահովի ինստիտուտի առաջընթացը, այլև կնպաստի միջբուհական համագործակցության հետագա խորացմանը, ուսանողների, դասախոսների և գիտնականների փոխանակման ծրագրերի ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ հետազոտական նախաձեռնությունների իրականացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Հայաստանի և Ուկրաինայի միջև կրթագիտական կապերի զարգացումը, ըստ նախարարի տեղակալի, առանձնահատուկ կարևորություն ունի՝ որպես երկու ժողովուրդների բարեկամության խորացման և համընդհանուր արժեքների տարածման հիմնարար ուղղություն։ «Կարևորելով այս կապերի ամրապնդումը՝ ՀՀ կառավարությունն շարունակում է գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի կրթագիտական ինստիտուտի գործունեությանը»,- խոսքն ամփոփել է Արթուր Մարտիրոսյանը՝ մաղթելով նոր ձեռքբերումներ, ստեղծագործական հաջողություններ, կրթական գործընթացում նորարարական մոտեցումներ և շարունակական զարգացում։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Նատալիա Գալիբարենկոն, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, Ուկրաինայի ազգային համալսարանի ռեկտոր Օկսանա Դեսյատնյուկը, Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը: