ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 կրթաթոշակ՝ բակալավրի կամ մագիստրոսի լրիվ դրույքով ուսման համար): Բացառություն կկազմեն «Առողջապահություն և սպորտ» և «Արվեստ» մասնագիտությունների ոլորտները։
Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն լեզվով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողները կանցնեն լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
- բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
- ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
- ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/՝ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
- բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
- բժշկական տեղեկանք /հավելված/՝ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
- ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
- անձնագրի պատճենը,
- 3×4 չափի 3 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Թեկնածու ուսանողները պետք է նախապես տեղեկացված ընտրություն կատարեն իրենց ընտրած բուլղարական բարձրագույն ուսումնական հաստատության կայքում՝ նախքան հայկական կողմից մշակված դիմումները լրացնելը, որպեսզի դրանցում դատարկ դաշտեր չլինեն։
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի մայիսի 7-ից մինչև 14-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 612 սենյակ, հեռ. +37410-599699 /ներքին 696)։
Քննությունները տեղի կունենան 2026 թվականի մայիսի 18-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599699 /696/:
Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451 – Ն որոշումով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: