ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերը, որոնց շրջանակում երկու փուլով, ընդհանուր առմամբ, 12 մարզաձևի 14 առաջնություն է անցկացվում:
Խաղերը մեկնարկել են արագ և կայծակնային շախմատի առաջնություններով: Մրցումներին 12 համալսարանների շուրջ 80 ուսանողեր են մասնակցել:
Կայծակնային շախմատի առաջնության տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանող Հմայակ Ստեփանյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Միլենա Գասպարյանը Հայաստանի ամերիկյան համալսարանից:
Արագ շախմատի առաջնության աղջիկների անհատական պայքարում չեմպիոն է դարձել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Ասյա Եդիգարյանը, իսկ աղջիկների թիմային պայքարում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը: Երկրորդ տեղում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն է (ՀՖԿՍՊԻ), երրորդում՝ ԵՊՀ-ն:
Տղաների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել միջազգային գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից: Տղաների թիմային պայքարում առաջին տեղը զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ-ն, երկրորդ տեղը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), իսկ երրորդ տեղը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ):
Կայացել են նաև բազկամարտի մրցումները, որոնց 9 բուհական թիմեր են մասնակցել՝ ընդհանուր առմամբ 75 ուսանող-մարզիկներ: Մրցումները կազմակերպվել են աջ և ձախ ձեռքերի տղաների 5-ական և աղջիկների 4-ական քաշային կարգերում: Մեդալային հաշվարկում առաջատար էին՝ ՀՖԿՍՊԻ, ԵՊՀ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) թիմերը, իսկ մարզային բուհերից՝ Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ) ուսանողները:
Ուսանողական մարզական 27-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ հրաձգարանում կայացել է նաև հրաձգության առաջնությունը, որին 8 համալսարանների շուրջ 60 ուսանողներ են մասնակցել:
Աղջիկների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է ԵՊՀ-ի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել են ՀՖԿՍՊԻ ուսանողները, իսկ եռյակը եզրափակել է ՎՊՀ թիմը: Տղաների պայքարում ևս եռյակը նույն կերպ է դասավորվել:
ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերի շրջանակում ընթացքի մեջ է դեռ մարտ ամսին մեկնարկած «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարը: Մասնակցում են համալսարանական 8 թիմեր: Եզրափակիչ խաղերը կկաանան մայիսի սկզբին: Մայիսի 6-ին նախատեսված են կիսաեզրափակիչները՝
- ՀՊՏՀ - ՀֆԿՍՊԻ
- Ռուս-հայկական համալսարան- Շիրակի պետական համալսարան
ԵՊՀ-ի մարզադահլիճում օրերս կայացել է նաև 3X3 բասկետբոլի առաջնությունը, որին 16 համալսարանական թիմերի շուրջ 60 ուսանողներ են մասնակցել: Աղջիկների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ թիմը, երկրոդր տեղը զբաղեցրել է Եվրոպական համալսարանի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Շիրակի պետական համալսարանի թիմը: Տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է ՀՖԿՍՊԻ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ԵՊԲՀ-ն, իսկ եռյակը եզրափակել է ԵՊՀ-ն:
ՀՀ մարզական ուսանողական խաղերի գարնանային և աշնանային փուլերի շրջանակում, ընդհանուր առմամբ, անցկացվում են նաև սեղանի թենիսի, լողափնյա վոլեյբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման, բադմինթոնի և այլ մարզաձևերի առաջնություններ: