ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում ներկա է եղել «Գիտություն և նորարարություն» ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում՝ որպես նախագծային ուսուցման և ստեղծարար մոտեցումների ներկայացման հարթակ։

Միջոցառման ընթացքում 7-9-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են իրենց իրականացրած նախագծային աշխատանքների վերջնարդյունքները: Նախագծային աշխատանքներում ներառված են չորս ուղղություններ՝ մշակութային, ԲՏՃՄ, կիրառական և տեխնոլոգիական:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, զրուցել աշակերտների հետ։ Արաքսիա Սվաջյանը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ի՞նչ դերաբաշխում են կատարել սովորողներն աշխատանքներն իրականացնելիս, թիմային աշխատանքն արդյունավե՞տ է, թե՞ ոչ, որքանո՞վ էին հետաքրքրական ընտրված թեմաները և այլն: Նա հետաքրքրվել է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմամբ, առաջիկա քննություններին պատրաստվածությամբ ու նրանց մտահոգող հարցերով:

Միջոցառման նպատակն էր նպաստել սովորողների ստեղծագործական և հետազոտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ընդգծել նախագծային աշխատանքների կարևորությունն ու արդյունավետությունը ժամանակակից կրթական գործընթացում։