Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությունը (#EPCArmenia)։
Արարողությունը մեկնարկել է մշակութային ծրագրով. ներկայացվել է ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլև մեր ժամանակակից արվեստը, ստեղծարար մշակութային միտքը և նորարար տեխնոլոգիաները։
Մշակութային պատկերապատում-ներկապնակը մեկ անգամ ևս հաստատել է, որ Հայաստանը դարեր շարունակ եղել է և այսօր ևս շարունակում է մնալ մշակութային խաչմերուկ՝ կամրջելով տարբեր ժողովուրդների և մշակույթների երկխոսությունը՝ փոխճանաչման և փոխհարստացման նպատակով։ Պերֆորմանսը կառուցված էր ջրի՝ որպես կյանքի, հիշողության, խաղաղության,մաքրության և մաքրագործման ու միասնության գաղափարի շուրջ։
Փոքր բեմականացված ներկայացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպությունները՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարախմբի արտիստները, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի նվագախումբը, «Յանգ մյուզիք սփեյս» երաժշտական դպրոցի սաները, «Սվեգ դենս»պարային ստուդիայի սաները, ճանաչված երաժիշտ֊կատարող Տիգրան Համասյանը։
Մշակութային պերֆորմանսի հիմքում Մեսրոպ Մաշտոցի, Ավետ Տերտերյանի, Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի և Լյուդվիգ Վան Բեթհովենի անմահ ստեղծագործություններն էին։ Հայկական մշակութային ժառանգությունը ներկայացվել է Հայաստանի հնագույն քաղաքակրթության և վիշապաքարերի ավանդույթով, Այբբենարանով, որը ներկայացված էր նաև որպես պետականության խորհրդանիշ, Անահիտ աստվածուհու պաշտամունքով՝ որպես Հայաստանում հելլենիստական մշակույթի արտահայտում, Ուրբաթագրքով՝ որպես հայ առաջին տպագիր գիրքը՝ լույս տեսած Վենետիկում, լեզվական մշակույթով, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում» պահվող և նոր համալրված բացառիկ ձեռագրերով և Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի՝ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Կոջոյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և վերջերս ձեռք բերված Արշիլ Գորկիի ստեղծագործություններով։
Հայ ժամանակակից արվեստը հյուրերին ներկայացվել է երիտասարդ և արդեն մեծ ճանաչում ունեցող նկարիչներ Ռաֆայել Մեգալի և Տիգրան Ձիթողցյանի կտավներով։
Մշակութային պերֆորմանսի տեսանյութը ստեղծվել է նորարարական տեխնոլոգիաների համակցմամբ։ Գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարի բեմային ձևավորումը պատրաստվել է Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից, որը նաև հիմք է դարձել գագաթնաժողովի պաշտոնական նամականիշների ստեղծման համար, իսկ մշակութային պատկերապատումն իրականացրել է Ֆեքթըրի պրոդաքշնը: