Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ նվիրված ՀՀ 2027-2029թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2027 թ. պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտին: Քննարկմանը մասնակցում էին ակադեմիական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկացուցիչներ։

Քննարկման ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական ուղղությունները՝ պայմանավորված թե՛ ոլորտային բարեփոխումների տրամաբանությամբ և նոր իրավական շրջանակով, թե՛ ընթացիկ ծրագրերի շարունակականությամբ։

Միաժամանակ, մանրամասն անդրադարձ է կատարվել քննարկման մասնակիցների կողմից ՄԺԾԾ նախագծի վերաբերյալ նախապես ներկայացված առաջարկություններին ու դիտողություններին։

Բուհերի ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում՝ հիմնված կատարողականի գնահատման վրա

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը հիշեցրեց, որ կրթության ոլորտի նախաձեռնած համակարգային բարեփոխումներն ամրագրվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքում, որով հստակ իրավական հենք է նախատեսվում նախկինում գործող «ուսանող-թիվ» ֆինանսավորման բանաձևից անցում կատարելու բուհերի ֆինանսավորման նոր մեխանիզմների՝ նպատակ ունենալով ապահովել հանրապետությունում որակյալ կրթական ծառայությունների մատուցումը։

Նոր մոդելը թույլ կտա ոչ միայն բազային (ինստիտուցիոնալ) ֆինանսավորում հատկացնել բուհերի ենթակառուցվածքի պահպանման համար, այլև նորմավորել պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարձատրությունը՝ գիտական համակարգի հաջողված փորձի համանմանությամբ, ինչպես նաև հավելյալ ֆինանսավորում հատկացնել բուհերին կրթության որակի բարելավման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների իրականացման համար՝ կատարողականի գնահատման ցուցանիշների հիման վրա։

Միաժամանակ նշվեց, որ նոր օրենքի ընդունումից է բխում նաև սահմանված ժամկետում կրթական բոլոր մակարդակներում կրթաթոշակային նոր քաղաքականության մշակումը՝ հիմնված թե՛ սոցիալական երաշխիքների, թե՛ առաջադիմության խրախուսման սկզբունքների վրա, որը կարտացոլվի արդեն հաջորդ տարիների ծախսային ծրագրերում։

Արհեստական բանականությունը՝ որպես կրթական համակարգի փոխակերպող գործոն

Քննարկմանն առանձնակի կարևորվեցին բարձրագույն կրթության ոլորտի թվայնացման, էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման, կրթական ծրագրի ձևավորման հարցում ուսանողների մասնակցայնության խթանման և ակադեմիական անձնակազմի թվային կարողությունների վերապատրաստման ուղղությամբ միջոցառումները․ նշված հարցերին զուգահեռ՝ «Կոմպաս» կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ ԳՄ տնօրեն Կարեն Պետրոսյանն առաջարկեց նաև ԱԲ առաջանցիկ զարգացմամբ պայմանավորված՝ կրթական գործընթացի կազմակերպման, առկա մասնագիտությունների ցանկի և որակավորումների ոլորտային շրջանակների վերանայման անհրաժեշտությունը՝ ապագայի աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխանող մասնագետներ պատրաստելու նպատակով։

Նորարարությունների խթանման համատեքստում, «Կոմպաս» կենտրոնն առաջարկում էր նաև բուհերում փորձարարական սենդբոքսերի ներդրումը, որոնց հաջող իրականացումը նախադեպ կարող է հանդիսանալ գործող իրավակարգավորումներում փոփոխություններ առաջարկելու համար։

ԲԿԳԿ ներկայացուցիչները, խոսելով թվայնացման օրակարգի շրջանակներում իրականացված և նախատեսվող քայլերի մասին, կարևորեցին նաև բուհերում կանաչ կրթության և ներառականության սկզբունքների խթանումը։

Բուհական ստարտափների խթանում և մտավոր սեփականության առևտրայնացում

Քննարկման մասնակիցները նշեցին նաև բուհերում ստեղծվող գիտելիքի առևտրայնացման, ինչպես նաև բուհական ստարտափների ֆինանսավորման հարցում որոշակի սահմանափակ հնարավորությունների մասին։ ԲԿԳԿ ներկայացուցիչներն ընդգծեցին, որ նոր օրենսդրությամբ զգալի նախադրյալներ են սահմանվել բուհական գիտահենք ձեռնարկատիրության և մտավոր սեփականության առևտրայնացման համար, որի խթանման ուղղությամբ միջոցառումները ևս տեսանելի կլինեն։

Անդրադառնալով ակադեմիական և գիտական համակարգերի ներդաշնակեցման և տնտեսության հետ կապի ապահովման օրակարգին՝ մասնակիցներին հիշեցվեց նաև տարեսկզբին գիտության ոլորտում ՀՀ կառավարության հաստատած ռազմավարական ծրագրի և գիտության զարգազման գերակա ուղղությունների մասին, որոնցով նախատեսվում են հավելյալ պետական ներդրումներ, նախաձեռնողական քաղաքականություն և բեկումնային ծրագրերի իրականացում։

Քննարկման արդյունքում անդրադարձ կատարվեց նաև «Ակադեմիական քաղաք» նախագծին՝ որպես համակարգային լուծում, որը միտված է որակյալ բարձրագույն կրթության և հետազոտությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը և ռեսուրսների առավելագույն հասանելիության ապահովմանը։