Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանը նշում է հիմնադրման 50-ամյակը։ Հոբելյանի առթիվ ուսումնական հաստատությունում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, ուսումնարանի դասախոսական կազմը, ներկա և նախկին ուսանողները։

Շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է. «Մեծ հպարտություն է նախկին ուսանողներին տեսնել մասնագիտական ոլորտներում հաջողած: Ոգևորիչ ու գնահատելի է նաև ուսումնական հաստատության համախմբվածությունը, ինչը թիմի յուրաքանչյուր անդամի ներդրումն է»: Նա նաև շնորհակալություն է հայտնել գործատուներին, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում որակյալ կրթության կազմակերպումը: «Որքան էլ փորձենք լսարաններում լավագույնը փոխանցել մեր ուսանողներին, միևնույնն է՝ այս ոլորտում ամենակարևորը գործնական փորձառությունն է: Վստահ եմ՝ համատեղ ուժերով նոր հաջողությունների ենք հասնելու»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:

ՄԿՈՒԶԱԿ տնօրեն Տաթևիկ Գասպարյանը ևս շնորհավորել է և նշել, որ ուսումնարանը «Աշխարհի հմտություններ» շարժման ակտիվ ջատագովներից է և մշտապես ամենայն լրջությամբ և պատվախնդրությամբ մասնակցում է մրցույթի ազգային փուլին՝ արձնագրելով նաև հաջողություններ։ Նշվել է, որ ուսումնարանի սաներից մեկն այս տարի կներկայացնի Հայաստանը Շանհայում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» մրցույթին: ՄԿՈՒԶԱԿ-ի ղեկավարը կառույցի անունից շնորհակալագիր է հանձնել ուսումնական հաստատությանը՝ որպես «Հայաստանի հմտություններ» շարժման հավատարիմ և հուսալի գործընկերոջ:

Ուսումնարանի երկարամյա տնօրենը՝ Սոնա Գրիգորյանը, հպարտությամբ նշել է, որ հաստատության գլխավորը ձեռքբերումներից մեկն այն է, որ նախկին ուսանողներն այսօր արդեն իրենց գործընկերն են և համագործակցում են որպես գործատուներ: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ նախկին ուսանողները հիմնել են սեփական ընկերությունները և արդյունավետ գործունեություն են ծավալում հանրային սննդի և խոհարարության, վարսավիրության, ավտոսպասարկման ոլորտներում: Ուսումնարանում այժմ գործում է հինգ մասնագիտություն, սովորում է 430 ուսանող։