Չարենցավանի Արամ Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 3-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ եզրափակիչ խաղերին ընդառաջ մասնակիցների, մարզիչների և մրցավարների համար կկազմակերպվի ճամբար:
Մրցաշարի 1-ին՝ համայնքային փուլը, անցկացվել է ՀՀ համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում մարտի 1-ից 31-ը: 2-րդ՝ մարզային փուլը, անցկացվել է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ապրիլի 1-ից 20-ը: Մրցաշարն անցկացվել է 3 փուլով 2 տարիքային խմբերում՝
- 1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-9-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ,
- 2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 10-12-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ:
Եզրափակիչ փուլին կմասնակցեն մարզային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը:
2026 թվականին մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 607 դպրոցի 3276 աշակերտ: 2025 թվականին մրցաշարին մասնակցել էր 3236 աշակերտ՝ 574 դպրոցից:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ պարգևատրման գումարը նախատեսված է դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու համար:
Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:
Երկու տարիքային խմբերում 4-11-րդ տեղերը գրաված դպրոցներին կտրվի 2-ական թենիսի սեղան և շնորհակալագիր:
2021 թվականից «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվում էր դպրոցահասակ երեխաների և 18 տարեկանից բարձր տարիքի անձանց մասնակցությամբ: 2024 թվականից մրցաշարը ձևափոխվել և անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների շրջանում: