Անասնաբույժի օրվա շրջանակում այսօր տեղի է ունեցել «Անասնաբույժը՝ առողջ հասարակության պահապան» խորագրով քննարկումը, որին ներկա են եղել պետական կառույցների, կրթական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունել և Անասնաբույժի օրվա կապակցությամբ շնորհավորել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, անդրադառնալով կրթության ոլորտում անասնաբուժության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նշել է, որ վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունները, որոնց թվում նաև անասնաբուժությունը, Կառավարության կողմից ճանաչվել են գերակա՝ թե՛ մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթության մակարդակներում։

«Կառավարության այս մոտեցման նպատակն է բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ: Գերակա մասնագիտությամբ կրթություն ստացող ուսանողները ՄԿՈՒ ոլորտում ամսական 50000 դրամ, իսկ բարձրագույն կրթության ոլորտում՝ ամսական 70000 դրամ կրթաթոշակ են ստանում, որը դրական ազդեցություն է ունեցել մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման առումով: Ուսումնառության ողջ ընթացքում կրթաթոշակի տրամադրումը կախված է սովորողի առաջադիմությունից՝ հաշվի առնելով, որ որակյալ մասնագետ դառնալու համար առանցքային գործոն են գիտելիքն ու հմտությունները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը կարևորել է նաև դասավանդողների կարողությունների զարգացմանն ուղղված քաղաքականությունը շարունակական վերապատրաստումների միջոցով, ինչը, ըստ նրա, որակյալ կադրեր ունենալու նախապայման է․ «Ամենակարևոր բաղադրիչը կրթության բովանդակությունն է՝ լավագույն արդյունք ունենալու նպատակով: Այս հարցում մեզ համար շատ կարևոր է մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը, ինչի ուղղությամբ բաց ենք և պարբերաբար քննարկումներ ենք ունենում ոլորտային կառույցների հետ։ Մեզ համար կարևոր է վստահ լինել, որ ուսանողը թե՛ քոլեջում, թե՛ համալսարանում սովորելու տարիներին յուրացնում է աշխատանքում կիրառելի բովանդակություն, ստանում աշխատաշուկայի կարիքին համահունչ կարողություններ ու հմտություններ»։

Արաքսիա Սվաջյանը կարևորել է մասնավորի հետ հաջող համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ կրթության համակարգում կատարվող փոփոխությունները և համատեղ աշխատանքը կապահովեն որակյալ մասնագետներ աշխատաշուկայի համար։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ:

Օրվա շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ «Անասնաբուժության ոլորտի զարգացման հիմանական ուղղությունները և մարտահրավերները» և «Գիտություն և պրակտիկա՝ անասնաբուժության զարգացման խթան» թեմաներով:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից` «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի աջակցությամբ: