ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Օրենսդրական փոփոխությունների նպատակը ոլորտային կարգավորումների վերանայումն ու հստակեցումն է: Դրանք ուղղված են օրենսդրությունը «Կրթության մասին» օրենքի 2025 թվականի մայիսի 12-ի փոփոխություններին համապատասխանեցնելուն, ինչպես նաև Կառավարության «500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշի ապահովմանը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունների ընդունումը կնպաստի նաև գործող իրավական ակտերում առկա անհամապատասխանությունների վերացմանը:
Նա տեղեկացրել է՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկված հիմնական փոփոխությունը, բացի խմբագրական բնույթի լրամշակումներից, վերաբերել է դպրոցների ենթակայության փոփոխությամբ պայմանավորված տարածքային կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետի լիազորությունների հստակեցմանը:
«Այս տարվա սեպտեմբերից արդեն իսկ մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայությունը լիազոր մարմնի տեսանկյունից փոխանցվելու է ԿԳՄՍ նախարարությանը։ Միաժամանակ, մարզերը շարունակելու են իրականացնել կարևորագույն գործառույթներ վարչատնտեսական կառավարման ուղղությամբ՝ մասնավորապես շենքերի և գույքի պահպանման, ընթացիկ կառավարման և այլ անհրաժեշտ աշխատանքների շրջանակում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ «Հանրակրթության մասին» օրենքի համապատասխան փոփոխություններն արվել էին ավելի վաղ։
Նրա դիտարկմամբ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածում առաջարկվող լրացումն ու փոփոխությունը բխում են վերը նշված օրենսդրական փոփոխությունից և նպատակ ունեն սեպտեմբերից ուժի մեջ մտնող կարգավարումները հստակեցնել և ապահովել լիազորությունների ճիշտ բաշխում։ Ըստ այդմ՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև նախագծի անցումային դրույթներում խմբագրական ճշգրտումների տեսքով՝ սահմանելով նաև գործառույթների բաշխումը նախակրթարանների մասով։
Միաժամանակ, ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող հիմնական փոփոխությունները, որոնք արդեն քննարկվել են խորհրդարանում, ունեին երկու ուղղություն՝ ընդլայնել նախակրթարանների գործունեությունը և հնարավորություն տալ ավելի մեծ թվով երեխաների օգտվելու այդ ծառայությունից՝ փոփոխություն կատարելով նախակրթարան հաճախելու տարիքային շեմում։
Հաջորդ փոփոխությամբ կատարելագործվել է ուսումնական հաստատությունների ղեկավարման հավակնորդների հավաստագրման գործընթացը՝ դարձնելով այն ստանդարտացված և միասնական՝ խթանելով մրցակցությունը տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարների ընտրության մրցույթներում։