Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու իրականացված ծրագրերին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Գավառ համայնքը, որտեղ նա ներկա է եղել Բերդկունք բնակավայրի նոր մանկապարտեզի բացմանը։ Վարչապետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 464 մլն դրամ, որի 75 %-ը կամ ավելի քան 348 մլն դրամ հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում՝ կառուցվել է 1865 քմ մակերեսով երկհարկանի մանկապարտեզի շենք, որը նախատեսված է 90 սաների համար։

Գավառ համայնքում երկրի ղեկավարը ծանոթացել է Սարուխան բնակավայրի թիվ 2 և Նորատուս բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցների վերանորոգման աշխատանքներին։ Դպրոցները վերանորոգվել են ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում։ 270 աշակերտի համար նախատեսված Սարուխանի դպրոցի վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 248 մլն դրամ, 340 աշակերտի համար նախատեսված Նորատուս բնակավայրի դպրոցի համար՝ ավելի քան 427 մլն դրամ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարտունի համայնք, ծանոթացել Ծովասար բնակավայրի նոր մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է ավելի քան 202 մլն դրամ, որ 65 %-ը կամ ավելի քան 131 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Արդյունքում՝ կառուցվել է երկհարկանի 650 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենք, բարեկարգվել է բակը։

Մարտունի համայնքում ՀՀ վարչապետը ծանոթացել է Աստղաձոր բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 927 մլն դրամ, որի արդյունքում շահագործման է հանձնվել մեկհարկանի, 1290քմ ընդհանուր մակերեսով, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենքը, բարեկարգվել է բակը, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչներ։

Մարտունի համայնքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Վարդենիկ բնակավայրի 150 սանի համար նախատեսված մանկապարտեզի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 358 մլն դրամ, որի 75%-ը կամ ավելի քան 268 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Արդյունքում՝ կապիտալ վերանորոգվել է երկհարկանի 1600 քմ ընդհանուր մակերեսով մանկապարտեզի շենքը, բարեկարգվել է բակը, երեսպատվել են արտաքին պատերը։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը եղել է Գեղամասար բնակավայրում, որտեղ ներկա է եղել 50 սանի համար նախատեսված վերակառուցված նախադպրոցական հաստատության բացման արարողությանը։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 161 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի մասնաբաժինը՝ ավելի քան 159 մլն դրամ։

Վարչապետը եղել է նաև Ճամբարակի Տիգրան Մեծի 9 և Հ. Նադարյան 3 հասցեներում կառուցված վորքաութ տեսակի մարզահրապարակներում, ծանոթացել ստեղծված պայմաններին։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 31 մլն դրամ։