Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշայինների պայքարում Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեի հետ և 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Թևանյանը մեկնարկում պայքարից դուրս էր թողել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևին (5։2) և Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովին (2։1), իսկ կիսաեզրափակչում ցավալի պարտություն էր կրել՝ 3։3 հաշվով զիջելով միջազգային դրոշի ներքո հանդես եկող Բաշիր Մագոմեդովին։
Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է նաև 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը:Վերջինս բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Սերբիան ներկայացնող Ազամատ Տուսկաևի հետ և 18:6 հաշվով փայլուն հաղթանակ տարել: Մեկնարկում Խնձրցյանը 12։1 հաշվով առավելության էր հասել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի նկատմամբ, ապա 12:6 հաշվով հաղթել էր գերմանացի Հորստ Լեհրին (12։6)։ Կիսաեզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 0։5 հաշվով զիջել էր ռուս Մուսա Մեխտիխանովին:
Խնձրցյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճում Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալը:
ԵԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Վճռորոշ գոտեմարտում նա ուժերն է չափել Ֆրանսիան ներկայացնող Զելիմխան Խաջիևի հետ, սակայն զիջել է մրցակցին։