Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա երրորդն էր: Հրում վարժությունում հայ մարզուհին դարձյալ փայլուն է գործել՝ բարձրացնելով նախ 132, ապա 134 և 141 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել ոսկե մեդալին:
«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Մարզիչների հետ մեծ աշխատանք էինք տարել: Չեմ ցանականում այսքանով բավարարվել, կփորձեմ ձգտել ավելիին: Շատ էի սպասել և շատ էի ցանկանում այս օրը հաղթող դառնալ: Այս հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին»,- հաղթանակից հետո ասել է Էմմա Պողոսյանը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր՝ 135 կգ արդյունքով: Երկամարտում նա 5-րդն է
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Արա Աղանյանն էլ կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Երկամարտում 94 կգ քաշային հայ ծանրորդը գրանցել է 381 կգ (175+ 206 կգ) արդյունք:
Պոկում վարժությունում Աղանյանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 167, ապա 172 և 175 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 200 կգ կշռող ծանրաձողը, ապա գլխավերևում է պահել 206 կգ-ն: Երրորդ մոտեցման համար Աղանյանը 212 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Արդյունքում, պոկում վարժությունը նա ավարտել է երրորդ տեղում:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կառլոս Նասարը՝ երկամարտի 386 կգ արդյունքով: