Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Վ․ Ադամյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթի պարգևատրման արարողությունը։ Նախաձեռնությունն իրականացնում են ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը։

Մրցույթն այս տարի անցկացվել է հինգերորդ անգամ․ մրցույթին մասնակցել է 13 դպրոց՝ Հայաստանի հինգ մարզերից։

Մրցույթին մասնակցող դպրոցները ստեղծել են մինի այգիներ, որոնք մշակել են տարրական դասարանների աշակերտները՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և համայնքների աջակցությամբ։ Դպրոցի տարածքում աճեցնելով բանջարեղեն և կանաչիներ՝ երեխաները ոչ միայն նպաստել են դպրոցական ճաշերի համար թարմ մթերքի ապահովմանը, այլև ձեռք են բերել գյուղատնտեսական աշխատանքի, հողի նկատմամբ խնամքի և առողջ սննդի արժեքների մասին կարևոր գիտելիքներ։

Դպրոցների նախագծերը գնահատել է ընտրող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են կազմակերպիչ և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Առաջին տեղը զբաղեցրել է Լանջաղբյուրի Վ. Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցն է, իսկ երրորդ տեղում՝ Գեղարքունիքի մարզի Ծակքարի միջնակարգ դպրոցը։ «Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգում, որը նախատեսված է դպրոցի ներսում մինի այգիներ ստեղծած դպրոցների համար, հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Նեղոցի հիմնական դպրոցը։

Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը ստացել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհի՝ այգեգործական նախաձեռնությունների հետագա զարգացման համար։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները և լավագույն պատուհանագոգի այգին ներկայացրած դպրոցը պարգևատրվել են դպրոցական ճաշարանների համար արժեքավոր սարքավորումներով։ Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած Լոռու մարզի Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական և Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի միջնակարգ դպրոցները, ինչպես նաև մրցույթում հետևողական մասնակցություն ունեցած հաստատությունները որպես խրախուսական մրցանակ ստացել են խոհանոցային պարագաներ։ Բոլոր մասնակից դպրոցները պարգևատրվել են հավաստագրերով՝ դպրոցներում կայուն գյուղատնտեսական պրակտիկաների խթանման գործում ակտիվ մասնակցության և ներդրման համար։

«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր բաղադրիչներից է։ Մրցույթը նպաստում է դպրոցներում այգիների ստեղծմանը, ապահովում է դպրոցական ճաշերի համար թարմ բանջարեղեն, ինչպես նաև վաղ տարիքից երեխաներին ծանոթացնում է օրգանական գյուղատնտեսության, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության և առողջ սննդի հիմունքներին։