ՀՀ Կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ մեկնարկում է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագիրը։

Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք, երիտասարդներ:

Ծրագիրն ուղղված է մասնակցային բյուջետավորման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը և միտված է խթանելու առավել ներառական և թափանցիկ մասնակցային կառավարումը տեղական մակարդակում։

«Մենք հաճախ ենք խոսում բարեփոխումների մասին, բայց պետք է խոստովանենք, որ դրանք միշտ չէ, որ տալիս են այն արդյունքը, որին սպասում է քաղաքացին։ Ինչո՞ւ, որովհետև օրենքներ փոխելը հեշտ է, բայց մտածողություն, մշակույթ և վարքագիծ փոխելը՝ շատ դժվար։ Մենք հասկացել ենք մի կարևոր բան. առանց մարդկանց իրական մասնակցության, ներգրավվածության նույնիսկ ամենալավ ծրագիրը կարող է պարզապես մնալ թղթի վրա։ Այստեղ է, որ ձեր դերը, սիրելի՛ երիտասարդներ, դառնում է առանցքային և վճռորոշ։ Մենք ձեզ չենք դիտարկում որպես «վաղվա օրվա» կադրեր, այս արտահայտությունը ես չեմ սիրում։ Դուք այսօրվա գործող անձինք եք։ Ձեր կրթությունը, նորարար միտքը և նույնիսկ ձեր քննադատական հայացքն այն է, ինչ պետք է պետական համակարգին՝ ավելի արդյունավետ և նպատակային դառնալու համար»,- դիմելով երիտասարդներին՝ ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ողջունել է մասնակիցներին. «Այս ծրագրի մեկնարկին պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման գործակալությունների համախմբվածությունն ինքնին խոսուն վկայություն է որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության բարձրացման նպատակով առկա համախոհության, ինչպես նաև Կառավարության որդեգրած այն մոտեցման, որ երիտասարդները ոչ միայն ապագայի կադրեր են, այլև այսօրվա ժողովրդավարության կերտման գործընթացի ակտիվ մասնակիցներ: Այդ նպատակով Հանրակրթության նոր չափորոշում, որպես առանձին բաղադրիչ, ներառվել է ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացումը: Սա ցույց է տալիս, որ պետությունը նախանձախնդիր է, որ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդներն արդեն իսկ ունենան այն կարևոր հմտությունները, ունակությունները, գիտելիքները, որոնք կնպաստեն, որպեսզի երիտասարդները դառնան որոշումների կայացման ակտիվ մասնակիցները՝ մասնակցելով ինչպես իրենց ուսումնական հաստատության կառավարման գործընթացին, այնպես և իրենց բնակավայրի, համայնքի, մարզի, պետության փոխակերպմանն ու զարգացմանը»:

Ա․ Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ֆորմալ կրթությունից դուրս գտնվող երիտասարդների պարագայում ևս պետությունը կարևորում է արդեն ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով երիտասարդների շրջանում հանրային մասնակցության կարողունակությունների զարգացումը և այդ դրանց գործադրումը հանրային որոշումների կայացման մեջ՝ նշելով, որ պետական բյուջեի միջոցներով երկրի տարբեր համայնքներում ձևավորվող երիտասարդական կենտրոնների գործունեության բովանդակային շրջանակը ներառում է ակտիվ քաղաքացիությունը։ ՀՀ կառավարության 2021-2026 գործունեության միջոցառումների ծրագրով մինչև տարեվերջ նախատեսված է ունենալ 25 երիտասարդական կենտրոններ, որտեղ երիտասարդները՝ թե՛ որպես անհատ, թե՛ որպես նախաձեռնող խումբ, կկարողանան մասնակից դառնալ որոշումների կայացմանը: Երիտասարդական կենտրոնների շահառու երիտասարդներն արդեն իսկ ունեն մասնակցային բյուջետավորման գործընթացին մասնակցության փորձառություն: Ամփոփելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և ԿԳՄՍ նախարարության անունից հավաստել ծրագրի հետագա ընթացքին աջակցության պատրաստակամությունը՝ թե՛ դպրոցների և թե՛ երիտաարդական կենտրոնների ներգրավման առումով:

Նշենք, որ ելույթով հանդես է եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագիրը կիրականացվի երիտասարդական կենտրոնների և ավագ դպրոցների միջոցով՝ զուգորդվելով իրազեկման բարձրացման միջոցառումներով, կարողությունների զարգացման դասընթացներով և առցանց ներգրավման գործիքներով։ Այս միջամտությունների նպատակն է զարգացնել երիտասարդների կարողություններն ու հմտությունները՝ մասնակցային բյուջետավորման գործընթացներում արդյունավետ ընդգրկվածություն ապահովելու համար՝ աջակցելով երիտասարդների կայուն ներգրավվածությունն ապահովող մեխանիզմների ներդրմանը։