Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԳԱԱ ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը։
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել քննարկումը կազմակերպելու համար: Նա ընդգծել է նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման ծրագրի լավարկման առումով։
«Կարծում եմ՝ ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալը և դրանք իրականացնելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որովհետև ոլորտի ընթացիկ վիճակի զարգացումների և պատկերացումների մասին պետք է լինի մտքերի պարբերական փոխանակություն», -ասել է Վարչապետը։
Երկրի ղեկավարը նշել է՝ 2017 թվականի համեմատ 2025 թվականին արդեն արձանագրված արդյունքներով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով, գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել մինչև 300 տոկոս։
«Առաջինը մեր մտածողությունը և լեզվամտածողությունը պետք են փոխվեն, և այս առումով նաև պիտի խոստովանեմ, որ ելույթներում իմ ականջը ծակում է, երբ ասվում է, որ Կառավարությունն աջակցում է գիտությանը։ Այստեղ մի տեսակ տարածություն է ստեղծվում Կառավարության և գիտության միջև: Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք չենք տեսնում, որ այստեղ կա պետություն, Կառավարություն և ինչ-որ մի հեռավորության վրա գոյություն ունի գիտություն, որին մենք պետք է աջակցենք: Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, և դա ունի շատ կոնկրետ և շոշափելի պատճառ: Մենք չենք պատկերացնում պետության զարգացումն առանց գիտության զարգացման: Եվ մյուս կողմից՝ մենք չենք պատկերացնում գիտության զարգացումն առանց կրթության զարգացման։ Բայց նաև ուզում եմ ասել, որ պետության զարգացում ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք տնտեսության զարգացում»,- շեշտել նա՝ հավելելով, որ գիտությունը և գիտական հանրությունը քաղաքականությունների մշակմանը մասնակցության ավելի մեծ ծավալ և ներկայություն պետք է ունենան։
Վարչապետի դիտարկմամբ՝ գիտությունը տնտեսություն է, որովհետև գիտության կառավարումը, գիտությանը տրվող միջոցների ճիշտ կառավարումը և գիտությունը՝ որպես տնտեսություն ընկալելը, շատ կարևոր գործիք են, որոնք լուծում են բազմաթիվ խնդիրներ։ Գիտության զարգացումը Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, ինքնաճանաչման համատեքստում։
Վարչապետի խոսքով՝ մեր մեծագույն խնդիրներից մեկը բոլոր տեղայնացված ոլորտներն առնվազն կամրջելն է և հասկանալ, որ գործ ունենք շրջափուլի հետ. «Մենք չենք պատկերացնում առանձին վերցրած գիտության ոլորտ, էլ չեմ ասում՝ գիտության մեջ առանձին ոլորտներ։ Եվ շատ կարևոր է՝ բոլոր ոլորտները և երկիրը համախմբել մեկ նպատակի շուրջ։ Եվ այդ նպատակը Հայաստանի Հանրապետությունն է, մեր պետության զարգացումը։ Բայց պետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, և ՛ նպատակ է, և՛ միջոց։ Նպատակ է հենց իր գոյության փաստով, միջոց է, որովհետև պետությունը միակ գործիքն է, որը կապահովի լավագույն պայմաններ՝ մեր ինքնությունը պահպանելու, զարգացնելու, մեր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելու համար»։
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունը կարևոր տեղ է տալիս բոլոր մասնագիտություններին և հատկապես գիտությամբ զբաղվողներին, որոնցից նաև զարգացման ակնկալիքներ ունի։