Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Վարչապետին են ներկայացվել Հախում գետի վրա գտնվող 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջի վերականգնման աշխատանքները։ Դրանք նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։ Կամուրջը լինելու է հետիոտնային։ Վարչապետը կարևորել է պատմական կամրջի վերականգնումը, ինչը ևս կնպաստի այս տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։ Միաժամանակ, վարչապետին է ներկայացվել «Քարակարմունջ»-ի հարակից հատվածում կառուցված պողպատե ֆերմաներով կամուրջը՝ նախատեսված մեքենաների համար։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն ներկա է եղել Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: 1293քմ ընդհանուր մակերեսով մսուր-մանկապարտեզի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 919 մլն դրամ: Իրականացվել է նաև տարածքի բարեկարգում, տեղադրվել են 20 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան և արևային ջրատաքացուցիչ։ Կառուցվել է ապաստարան, ոռոգման համակարգ, մոտ 1000 քմ խաղահրապարակ՝ արհեստական խոտածածկույթով։

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Դիլիջան բնակավայրի թիվ 5 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն 925 հազար դրամ, որի 67%-ը՝ 45 մլն 509 հազար դրամը, հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, որը կառուցվել է 1950-ականներին։

Վարչապետը Դիլիջան համայնքում այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղ: Կառավարությունը թանգարանի 582 քմ տարածքի վերականգման աշխատանքների համար հատկացրել է ավելի քան 146 մլն դրամ: Նշվել է, որ մինչ վերանորոգումը թանգարանն ունեցել է տարեկան կտրվածքով միջինում 1000-1200 այցելու, իսկ վերանորոգումից հետո 2026 թ. առաջին եռամսյակում այցելությունների թիվն արդեն 600 է: