Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը․ շուրջ 100 բնակավայրերում «Մենք ենք մեր պետությունը» խորագրով անցկացվել են բանախոսություններ տարբեր ոլորտները ներկայացնող հանրային գործիչների կողմից։

Օրվա շրջանակում համայնքներում անցկացվել են նաև տաղավարային ցուցադրություններ, որտեղ ներկայացվել են տվյալ մարզի ու բնակավայրի արտադրական և մշակութային ներուժը, կազմակերպվել են սպոտային ցուցադրություններ, համերգներ։

Գրեթե բոլոր հանրակրթական դպրոցներում իրականացվել են ուսումնական նախագծեր․ աշակերտներն ուսումնասիրել են իրենց բնակավայրի, համայնքի խնդիրները՝ առաջարկելով լուծումներ, որոնք, իրենց պատկերացմամբ, կուժեղացնեն պետությունը, հայրենիքը, բնակավայրն ու համայնքը: Նախագծային աշխատանքների վերաբերյալ տեսանյութերը օրվա ընթացքում հրապարակվել են դպրոցների ֆեյսբուքյան էջերում։

Մարալիկում և Վարդենիսում կազմակերպվել են նաև համերգներ՝ տեղի երաժշտական դպրոցների սաների, համայնքների պարային խմբերի, ինչպես նաև «Ջենտլեն բենդի, «Բայ դե վեյ» համույթի և հայտնի դիջեյների մասնակցությամբ։

ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հասմիկ Ավագյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Արաքսիա Սվաջյանը մարզերում և մայրաքաղաքում մասնակցել են Քաղաքացու օրվան նվիրված տարբեր միջոցառումների։

Քաղաքացու օրվա շրջանակում «Մենք ենք մեր պետությունը» խորագրով շուրջ 100 բնակավայրում որպես բանախոսներ հանդես են եկել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործիչներ․

  • Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ Սիսավան բնակավայրի մշակույթի տանը
  • Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ «ԼՈՖԹ–Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնում
  • ԿԶՆԱԿ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար
  • Սաթենիկ Մկրտչյանը՝ Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի մշակույթի տանը
  • Քաղաքագետ Սևակ Քարամյանը՝ Իջևանի մշակույթի տանը

Բանախոսությամբ են հանդես եկել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ՝

  • Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը՝ Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոնում
  • Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը՝ Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում
  • Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը՝ «Հրազդան» երիտասարդական կենտրոնում
  • Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը՝ Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը