Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվել է այս տարվա ուսուցչական համաժողովի մարզային փուլը՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Արմավիրի մարզի աշխատաժողովին, որն անցկացվել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 և Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցներում:

Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցային հարթակ ուսուցիչների, կրթության կազմակերպիչների, ոլորտի մասնագետների և նորարարությամբ զբաղվող փորձագետների համար՝ կրթության մեջ տեխնոլոգիական նորարարությունների կիրառման լավագույն փորձի փոխանակման նպատակով։

Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել, որ ուսուցչական աշխատաժողովը մանկավարժական փորձը կիսելու, տարածելու, խնդիրները վերհանելու և լուծման ուղիները միասին գտնելու լավագույն հարթակներից է. «Հաշվի առնելով տեխնոլոգիաների առկայությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ չենք կարող դրանք շրջանցել նաև դպրոցներում ուսուցումը կազմակերպելիս՝ սովորելու և սովորեցնելու գործընթացում։ Աշակերտների համար դասապրոցեսը հետաքրքրական դարձնելու համար պետք է լինել առավելապես նորարար, ուստի կարևոր հարցերից է՝ դպրոցներում տեխնոլոգիական ուղղությամբ ինչպիսի կրթություն պետք է ապահովել, որպեսզի երեխաները միաժամանակ լինեն և՛ մրցունակ, և՛ պաշտպանված: Տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են շատ լուծումներ՝ հեշտացնելով գործընթացները, բայց դրանք միաժամանակ պարունակում են կիբերանվտանգության, կախվածության, ինքնուրույն մտածողության հետ կապված ռիսկեր: Ուրախ եմ, որ այսօրվա քննարկումները, մտքերի փոխանակումները մեկ քայլ առաջ կմղեն այս թեմայով խնդիրների լուծումները»:

Նա շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին կատարած ամենօրյա աշխատանքի, ցուցաբերած հետաքրքրության, մասնագիտական զարգացմանը միտված միջոցառումներին մասնակցության համար:

Ուսուցչական համաժողովում քննարկվել են կրթական գործընթացում թվային գործիքների, արհեստական բանականության, առցանց հարթակների և այլ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ ուսուցման որակի բարձրացման և սովորողների ներգրավվածության խթանման նպատակով։ Ներկայացվել են դպրոցներում կիրառվող նորարարական կրթական մեթոդներ և տեխնոլոգիական լուծումներ՝ նպաստելով ուսուցման գործընթացի արդիականացմանը և ստեղծագործական մոտեցումների տարածմանը։

Համաժողովի շրջանակում քննարկվող թեմաների հիմնական ուղղություններն են․

  • «Ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման ծրագրեր»
  • «Դպրոցահասակ երեխաների արտադպրոցական տեխնոլոգիական կրթություն»
  • «ԱԲ կիրառումը դասավանդելու և սովորելու գործընթացում»
  • «Տեխնոլոգիաների կիրառման ռիսկեր, էթիկական խնդիրներ»
  • «Կիբերանվտանգություն և թվային գրագիտություն»

Ուսուցչական համաժողովի մարզային փուլին ներկայացվել և քննարկվել են 1000 և ավելի զեկույցներ՝ ուսուցիչների և կրթության ոլորտի պատասխանատուների կողմից։

Նշենք, որ աշխատաժողովի մարզային փուլին կհաջորդի հանրապետական փուլը, որը նախատեսվում է անցկացնել մայիս ամսին:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև շրջել է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում, որը հիմնանորոգվել է «300 դպրոց» ծրագրով։ Նա ծանոթացել է դպրոցի լաբորատոր պայմաններին, գույքային հագեցվածությանը, գրադարանային միջավայրին, ինչպես նաև զրուցել է աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ ու առաջիկայում կայանալիք քննությունների նախապատրաստական աշխատանքներով:

Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Փայտյանը ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի մասնակիցներից է․ Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում նա զբաղեցրել է 2-րդ տեղը: Նախարարի տեղակալի հետ հանդիպմանը Հասմիկը պատմել է մրցույթի մասին։

Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը հետևել է 11-րդ դասարանի աշակերտների նախագծային աշխատանքների պաշտպանությանը՝ նվիրված բիզնեսոլորտին, ճարտարապետությանը, բժշկությանը և այլն: