ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի շրջանակում ապրիլի 20-23-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացել է սեմինար-խորհրդակցությունների շարք՝ հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտատեսական առարկաների մանկավարժների մասնակցությամբ:

Սեմինարին մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 200 մանկավարժներ:

2-րդ տարին անընդմեջ իրականացվող սեմինարները, բացի օլիմպիադայի հետ կապված հարցերի քննարկումներից, կարևոր դերակատարություն ունեն երաժշտատեսական առարկաների դասավանդման խնդիրների վերհանման, վերլուծության, առաջարկությունների ներկայացման և միասնական մոտեցումների ձևավորման առումով: Սեմինարների ընթացքում Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների մանկավարժները ստանում են նաև մեթոդական աջակցություն, ծանոթանում դասավանդման առաջավոր փորձին և ոլորտի նորարարություններին:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի նախնական ընտրության փուլը կկայանա Երևանում և մարզկենտրոններում 2026 թվականի մայիսի 25-ին: Օլիմպիադային կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Նախնական ընտրության փուլը հաղթահարած (23 և ավելի միավոր ստացած) աշակերտները կմասնակցեն Օլիմպիադայի եզրափակիչ փուլին, որը կկայանա Երևանում հունիսի 16-ին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով 2026 թվականին Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը կիրականացնի սոլֆեջոյի և երաժշտական գրականության առարկայական ծրագրերի կազմման և հրատարակման աշխատանքները, ինչպես նաև հրատարակության կպատրաստի երաժշտական և արվեստի դպրոցների 7-ամյա և 5-ամյա կրթության համար նախատեսված՝ սոլֆեջոյի թելադրությունների գիրքը, երաժշտական գրականության դասագիրքը: