ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ կայացել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համագործակցությամբ։
ԵԹԿՊԻ-ի «Անրի Վեռնոյ» կինոսրահում տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը:
Դանիել Դանիելյանը զրուցել է մասնակիցների հետ, հետաքրքրվել ծրագրի ընթացքում ստացած գիտելիքների և փորձառության մասին, անդրադարձել դասընթացի կարևորությանը՝ որպես ուղեցույց և գործնական քայլ մասնագիտական կողմնորոշման հարցում: Ծրագրի մասնակիցները միակարծիք էին, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ, ընդլայնել են աշխարհայացքը, զարգացրել դիտողականությունը, գեղագիտական ընկալումները, ստեղծագործական և վերլուծական միտքը: Նրանք նշել են, որ մեծ հետաքրքրությամբ են սովորել կինեմատոգրաֆիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների, հատկապես՝ ԱԲ գործիքների կիրառումը։
«ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևում է նմանօրինակ ծրագրերի իրականացումը, սակայն ծրագիրն այսչափ արդյունավետ չէր լինի, եթե չլինեին ձեր սովորելու, ստեղծագործելու մեծ ցանկությունը, գործնական քայլերը, որով գնում եք դեպի ձեր նպատակները: Դուք մեր երկրի հիմնասյունն եք և ձեր նախաձեռնողականությամբ ու արարելու մեծ ցանկությամբ կարևոր փոփոխություններ կարող եք բերել: Վստահորեն առաջ գնացեք, անընդհատ կրթվեք, յուրաքանչյուր ընտրություն կատարեք սիրով և մի վախեցեք սխալվելուց, շարունակական կրթության միջոցով անընդհատ զարգացրեք ձեր ստեղծագործական ունակություններն ու հմտությունները: Այս ծրագիրն առաջին քայլն է դեպի ձեր մեծ նպատակներ և վստահ եմ, որ նաև այսօրինակ նախաձեռնությունների շնորհիվ կկարողանանք ապահովվել կինոոլորտում սերնդափոխության սահուն գործընթացը»,- նշել է նախարարի տեղակալը Դանիել Դանիելյանը՝ դիմելով ծրագրի մասնակիցներին։
Նա վստահեցրել, որ պետությունը կենսոլորտի կողքին է, և ծրագրի մասնակիցներն իրենց հետագա գործունեության տարբեր փուլերում կզգան պետության աջակցությունը: Դանիել Դանիելյանը հաջողություն է մաղթել ծրագրի մասնակիցներին:
Պատանիներին և երիտասարդներին ողջունել և հաջողություններ է մաղթել նաև «Կինոդպրոց առանց սահմանների կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը: Նա պատրաստակամություն է հայտնել, դասընթացի ավարտից հետո էլ աջակցել ծրագրի մասնակիցներին, օժանդակել նրանց բոլոր նախաձեռնություններում:
«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին ոլորտի փորձառու մասնագետները դասավանդել են սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսերական գործ, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway և այլ գործիքներ) հիմունքներն ու կիրառման սկզբունքները՝ ներառյալ արհեստական բանականության միջոցով ֆիլմերի ստեղծման հնարավորություններ։
Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակիցների հանձնել է ավարտական վկայականները, որին հաջորդել է ծրագրի մասնակիցների՝ արհեստական բանականության (AI)-ի միջոցով հեղինակած ֆիլմերի ցուցադրությունը։
Նշենք, որ ԱԲ-ի դասավանդումը կինոդպրոցում իրականացվում է երկրորդ տարին. այն նպաստել է հետաքրքրության և հայտերի աճին։ Ծրագրի շրջանակում տեղի են ունեցել տեսական և գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ։ Մասնակիցների համար սցենարական գործի վարպետության դասեր է վարել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը:
Այս տարի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրին մասնակցելու համար ստացվել էր 177 հայտ։ Կինոարտադրության ոլորտի մասնագետների անցկացրած երկփուլ հարցազրույցի արդյունքում ծրագրին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 40 մասնակցի՝ Երևանից և մարզերից։