Շենգավիթ վարչական շրջանում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը, պաշտոնատար այլ անձինք, մարզասերներ:
Մարզահամալիրը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը Արթուր Աբրահամը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։
Մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։
Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի հիմնարկեքի առիթով և վստահություն հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետներում և բարձր որակով։ Երկրի ղեկավարը հավելել է, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցն արդեն գործում է, Ալագյազ գյուղում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան դպրոցի հիմնարկեքը կլինի մայիսին, որից հետո կսկսվի շինարարությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության այս քաղաքականությունն ուղղված է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկներին արժևորելուն, երկրում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։