Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հուշարձան–համայնք փոխհարաբերությունները. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկումը:

Միջոցառման բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: Քննարկումը վարել է Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը:

Շնորհավորելով ներկաներին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ընդգծել է. «Համայնքներում բնակչության կողմից հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելու, այդ ժառանգությունը գնահատելի դարձնելու նպատակով կարիք կա, որ մարդիկ նախևառաջ ճանաչեն հուշարձանն ու իրազեկ լինեն դրա պատմական արժեքի մասին։ Այս առումով շատ կարևոր է, որ հատկապես ֆերիտասարդ սերունդը գիտակցի պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը»:

Այս համատեքստում Հարություն Վանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը համայնքների հետ մի շարք ծրագրեր է իրականացնում՝ առանցքում ունենալով երիտասարդ սերնդի՝ ժառանգությունը պահպանելու գիտակցման բարձրացումը: Նա առանձնացրել է մարզերում մշակութային ժառանգության թեմայով անցկացվող օլիմպիադան, որին, օրինակ, Լոռու մարզում մասնակցել է շուրջ 200 դպրոցական, Տավուշում՝ 100-ից ավելի և այլն: Այս ուսումնական տարվանից մեկնարկել է նոր ծրագիր․ յուրաքանչյուր դպրոցի կցվել են իրենց տարածքի հուշարձանները, որի նպատակն է ինչպես հուշարձանի պահպանությանն աջակցումը, այնպես էլ համապատասխան հանրային վարքականոնի ձևավորումը:

Նա անդրադարձել է նաև Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողների մրցույթին, որին արդեն երրորդ տարին մասնակցելով՝ Հայաստանը հաղթանակ է գրանցում Եվրոպայում անցկացվող փուլում: Այս մրցույթում Հարություն Վանյանը կարևորել է պատանիների ընտրության ազատությունն ու հուշարձանների ընկալումը, դրանց վերաբերյալ նրանց յուրօրինակ մեկնաբանությունները:

Ըստ բանախոսների՝ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է համայնքների դերակատարման զգալի ակտիվացում՝ հատկապես ժառանգության պահպանության և հանրահռչակման գործընթացներում։ Սա կարևոր զարգացում է, սակայն միևնույն ժամանակ առաջ է բերում համակարգման, մասնագիտական ուղղորդման և արդյունավետ կառավարման նոր խնդիրներ։

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը նշել է միջազգային տարբեր կոնվենցիաներով ամրագրված մշակույթի իրավունքի ընդարձակ դրսևորումը և կարևորել այն հանրության շրջանում ընկալելի դարձնելու հանգամանքը՝ որպես համայնքի մշակութային կյանքին մասնակցելու հնարավորություն:

«Ժառանգությունը միայն հուշարձանը չէ. այն մարդ-հուշարձան հարաբերություններն են, որոնք ձևավորում են նաև այդ հուշարձանի մասին պատկերացումները»,- ասել է նա:

Բանախոսների հավաստմամբ՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտը գտնվում է շարունակական փոփոխության մեջ, և պետության ու մասնագիտական համայնքի խնդիրն է ճիշտ արձագանքել ժամանակակից մարտահրավերներին ու ստեղծված նոր հնարավորություններին։