Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կստորագրվի «Սեյսմիկ ապահովության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը: Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում:
«Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում նախատեսվում է իրականացնել հակասեյսմիկ չափանիշներին համապատասխանող ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ, վարկային միջոցները նախատեսված են նաև աղետների ռիսկի պաշտպանության, դպրոցաշինությանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացմանը։
Միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոցաշինությունը հանդիսանում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի գերակայություններից մեկը: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016 թվականին և նախատեսված է մինչև 2027 թվականը:
Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 28 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայում ընթանում են 18 դպրոցների շինարարական աշխատանքներ։
Մինչ այժմ շահագործման հանձնված դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15,000 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները։