ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում զբաղեցրել է 2-րդ տեղը:

«ԱԲ սերունդ» ծրագիրն աշխարհում առաջիններից է, որ ապահովում է խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում՝ ազգային մակարդակով։ Փորձնական ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում։ Ներկայում այն ներդրված է 26 ավագ դպրոցներում և արդեն հասանելի է Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրի շրջանակում աշակերտներն ուսումնասիրում են խորացված հանրահաշիվ, Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականություն՝ ներգրավվելով մասնագիտական կողմնորոշման ու հմտությունների զարգացման ծրագրերում, մասնակցելով միջազգային ու տեղի AI օլիմպիադաների և մրցույթների։ 2026-2027 ուսումնական տարում նախարարությունն ու FAST-ը նախատեսում են ընդլայնել ծրագիրը՝ այն ներդնելով մինչև 45 ավագ դպրոցներում։

Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային կրթական մրցույթում ներկայացվել է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը։ Ավելի վաղ «ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանցն ընդգրկվել էր մրցույթի լավագույն տասնյակում։

Մրցույթում «ԱԲ սերունդ» ծրագիրը և ֆորմալ կրթության մեջ ԱԲ ուսուցման կարևորությունը ներկայացրել են FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, FAST-ի հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը և Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Փայտյանը։

«Դեռ միջնակարգ դպրոցում սովորելիս ինձ հետաքրքրում էր կոդավորումը, բայց ես չէի էլ պատկերացնի, որ փոքր քաղաքում ապրող իմ պես մի աղջիկ կարող է սովորել արհեստական բանականություն, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ հիմնականում սպասում են տեսնել տղաների։ Ամեն ինչ փոխվեց, երբ ես միացա «ԱԲ սերունդ» ծրագրին ու սովորեցի ստեղծել սեփական AI նախագծները»,- պատմել է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում սովորող Հասմիկ Փայտյանը՝ ներկայացնելով ԱԲ ծրագրում սովորելու իր փորձը։

«Աշխարհի շատ երկրներում խորացված ԱԲ կրթությունը դեռևս անհասանելի է շատերի համար՝ սահմանափակվելով մասնավոր դպրոցներով, խոշոր քաղաքներով կամ արտադասարանական խմբակներով։ Շատ կարևոր էր համակարգայնորեն մոտենալ խնդրին ու ձևավորել երկարաժամկետ և որակյալ անվճար ԱԲ կրթություն՝ այն հասանելի դարձնելով ազգային մակարդակում՝ հանրակրթական դպրոցներում բոլոր աշակերտների համար։ «ԱԲ սերունդ»-ն այն նախաձեռնություններից է, որը, միավորելով կրթությունն ու տեխնոլոգիան, վերափոխում է ոչ միայն դպրոցը, այլև ողջ հանրակրթական համակարգը, և մեզ համար շատ ուրախալի է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջընթացը տեսանելի է դառնում ամբողջ աշխարհում»,- ավելի վաղ ընդգծել էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ծրագիրը ներկայացնելով որպես կրթական առաջադեմ նորարարություն։