ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը մոտենում են եզրագծին: Այսօր անցկացված խաղերի արդյունքներով երկու տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակչի և երրորդ տեղի համար խաղերի մասնակիցները:

Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված հանդիպումներին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Առաջին տարիքային խմբում՝ 5-6-րդ դասարանների պայքարում, Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոցի թիմն այսօր մրցել է Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմի հետ և 36:29 հաշվով հաղթանակ տարել: Եզրափակչում նրանք կմրցեն Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թիմի հետ, որն այսօր 50:34 հաշվով առավելության է հասել Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմի նկատմամբ:

Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցների թիմերը կխաղան երրորդ տեղի համար:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 1-ին տարիքային խումբ

  • Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոց՝ 29:36
  • Կապանի թիվ 13 հիմնական դպրոց - Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց՝ 34:50

7-9-րդ դասարանների պայքարում Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմն այսօր մրցել է Արարատի թիվ 4 հիմնական դպրոցի թիմի հետ և 51:23 հաշվով հաղթանակ տարել: Եզրափակչում Շիրակի մարզը ներկայացնող դպրոցականներն ուժերը կչափեն Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի թիմի հետ: Վերջիններս այսօր ուժեղ են գտնվել Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցի թիմից՝ առավելության հասնելով 59:18 հաշվով:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». 2-րդ տարիքային խումբ

  • Արարատի թիվ 4 հիմնական դպրոց - Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց՝ 23:51
  • Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց - Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց՝ 18:59

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից մասնակցել են մարզային փուլում երկու տարիքային խմբերում առաջին տեղեր գրաված թիմերը:

Մրցաշարն անցկացվել է 3 փուլով՝ երկու տարիքային խմբերով`

  • 1-ին տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 5-6-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ միևնույն դպրոցի 7-9-րդ դասարանի աշակետներից կազմված թիմ:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլն անցկացվել է փետրվարի 20-ից մարտի 16-ը, իսկ երկրորդ՝ մարզային փուլը՝ մարտի 17-ից ապրիլի 3-ը:

2026 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8800 աշակերտ հանրապետության 689 դպրոցից: 2025 թվականին խաղերին 8743 աշակերտ էր մասնակցել 559 դպրոցից:

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:

Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 18-ին Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:

Ապրիլի 18-ի խաղացանկը՝

Ժամը՝ 11:00 - Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Կապանի թիվ 13 հիմնական դպրոց / 5-6-րդ դասարաններ, երրորդ տեղի համար

Ժամը՝ 13:00 - Արարատի թիվ 4 հիմնական դպրոց – Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց / 7-9-րդ դասարաններ, երրորդ տեղի համար

Ժամը՝ 15:00 – Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոց - Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց / 5-6-րդ դասարաններ, եզրափակիչ

Ժամը՝ 17:00 - Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց - Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց / 7-9-րդ դասարաններ, եզրափակիչ: