Մշակութային ժառանգության պահպանության ոլորտը գտնվում է շարունակական փոփոխության մեջ՝ արձագանքելով ինչպես ժամանակակից մարտահրավերներին, այնպես էլ նոր հնարավորություններին։
Հայաստանում վերջին տարիներին նկատվում է համայնքների դերակատարման զգալի ակտիվացում՝ հատկապես ժառանգության պահպանության և հանրահռչակման գործընթացներում։ Սա կարևոր զարգացում է, սակայն միևնույն ժամանակ առաջ է բերում համակարգման, մասնագիտական ուղղորդման և արդյունավետ կառավարման նոր խնդիրներ։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հուշարձան–համայնք փոխհարաբերությունները. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկում:
Քննարկման ընթացքում բանախոսները կանդրադառնան մշակութային ժառանգության պահպանության արդի մարտահրավերներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով համայնքի և ժառանգության փոխհարաբերությանը։
Բանախոսներ են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:
Քննարկումը կվարի Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը: Մուտքն ազատ է: