ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ 2026 թվականի ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը և Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։

Բանախոսները ներկայացրել են միջոցառումների այն տեսլականը, որը նախատեսված է «Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:

«Մենք կարևոր առաքելությամբ ենք այսօր Մեղրիում, որը մեր երկրի ամենակարևոր վայրերից մեկն է՝ որպես խաղաղության խորհրդանիշ. հենց այստեղից է սկսվում մեր խաղաղության օրակարգը: Այս նախաձեռնությունը, որը նախևառաջ մշակույթի մասին է, ստեղծում է այլ երկրների հետ երկխոսության, առարկայական կապերի հաստատման հարթակ, որի կայացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը ջանք չի խնայել: ԱՊՀ համագործակցության այս ծրագիրը բարեկամության մասին է՝ համահունչ Կառավարության վարած քաղաքականությանը՝ ուղղված հարևան, բարեկամ երկրների հետ հարաբերությունների հավասարակշռությանը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել քաղաքում տարբեր ոլորտներում պետական միջոցներով ընթացող շինարարական աշխատանքներին ՝ սկսած դպրոցաշինությունից մինչև հուշարձաններ:

Նա շնորհակալություն է հայտնել մասնակից երկրներին ներկայության համար և նշել, որ Մեղրիում ամբողջ տարին մշակութային է լինելու, ինչը լավ հնարավորություն է՝ համակողմանիորեն բացահայտելու քաղաքը:

Ներկաներին ողջունել է նաև Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը: Նա ընդգծել է, որ ծրագրի շրջանակում Մեղրի քաղաքի բնակիչները և ոչ միայն հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու մշակութային իրադարձությունների, որոնք իրականություն են դառնում ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակում: Ըստ նրա՝ սա նաև հնարավորություն է հանրահռչակելու մասնակից երկրների շրջանում Հայաստանի հնագույն մշակույթը:

Հայաստանն անցյալ տարվանից ստանձնել է ԱՊՀ միջպետական մշակութային համագործակցության համանախագահությունը. նախագահը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն է:

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը վստահեցրել է, որ ծրագիրը ստեղծում է փորձի փոխանակման, նոր կապերի ստեղծման միջավայր և մաղթել արդյունավետ ու հիշարժան օրեր: