ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարողականի վերաբերյալ հարցին:
«Մենք գրեթե ամեն օր նորակառույց կամ նոր վերանորոգված և գույքով հագեցած դպրոցներ ենք այցելում, որոնք հասանելի են դառնում շատ երեխաների համար: Եվ բոլոր մյուս դպրոցներում, որոնցում դեռ այդ պայմանները պիտի ստեղծվեն, սպասումն ավելի ու ավելի է մեծանում: Այս համատեքստում պետք է նշել, որ աշխատանքները սկսված են նաև հաջորդ 300 դպրոցների համար, և ավելի քան 50 դպրոցներում արդեն իսկ աշխատանք է իրականացվում: Մենք ունենք բավարար ցուցանիշներ՝ շնորհիվ ծրագրի շուրջ աշխատող մեծ թիմի՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ: Եթե տարեվերջին խոսում էինք 102 դպրոցների ավարտի մասին, ապա այդ թիմի ամենօրյա աշխատանքի շնորհիվ այս պահին դրանց թիվը հասնում է 130-ի, մանկապարտեզներինը՝ 300-ի: Մեր երեխաներին պետք է ևս մեկ անգամ հավաստիացնել, որ այդ պայմանները հասանելի են դառնալու նաև իրենց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը փաստել է՝ ծրագրի կատարողականն անգամներով աճել է: Նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշներով կատարողականը եղել է 121 միլիարդ դրամի: Այս փուլում ավելացել են աշխատանքի թե՛ տեմպը, թե՛ որակը, ինչն ակնհայտ է նաև դպրոցներ և մանկապարտեզներ այցելելով:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև մանկավարժների վարձատրությանը: «Կամավոր ատեստավորման ծրագիրը մեկնարկելիս մենք նախանշել էինք, որ ներդրված վարձատրության համակարգն ամենևին առավելագույնը չէ. այն շարունակաբար պետք է բարելավվի: Կամավոր ատեստավորման արդյունքն ամրագրվում է հինգ տարով, և մեր նոր առաջարկի իմաստն այն է, որ իրենց հնգամյա շրջափուլը լրացրած ուսուցիչները կարողանան ատեստավորման հաջորդ փուլում ունենալ արդեն նոր դրույքաչափ՝ 300.000 դրամի չափով, և կախված արդյունքներից՝ դրան կգումարվի հավելավճարը: Ընդ որում՝ այս դրույքաչափը կազդի նաև մյուս գործիքակազմերով հաշվարկվող հավելավճարների վրա, օրինակ՝ տարակարգի մինչև 50% հավելավճարը նույնպես կհաշվարկվի այս 300.000 դրամից: Սա նշանակում է, որ մենք ըստ էության կբարձրացնենք արդեն իսկ այսօր բարձրացված վարձատրությունը»,- իրազեկել է նախարար Ժաննա Անդրեասյանը: