Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ ծանոթանալու տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Երկրի ղեկավարն այցելել է Արարատի մարզ, որտեղ ներկա է եղել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիրի բացման արարողությանը: Այն կառուցվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 700 մլն 249 հազար դրամ:

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներին: 300 դպրոցների ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 269 մլն 424 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանն Արտաշատ համայնքում այցելել է Վարդաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց: Վերանորոգման աշխատանքների նպատակով Կառավարությունը հատկացրել է 134 մլն 279 հազար դրամ։

Վայոց ձորի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է Արենի համայնք, շրջայց կատարել Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 60 երեխայի համար կառուցվել է 700քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մանկապարտեզ, բարեկարգվել բակը, տեղադրվել 5վտ հզորությամբ ֆ/վ կայան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 383 մլն 175 հազար դրամ, որից 80%-ը՝ 306 մլն 540 հազար դրամը, հատկացրել է Կառավարությունը:

Վեդի համայնքի Նոր ուղի բնակավայրում վարչապետը ներկա է եղել նորակառույց նախադպրոցական հաստատության բացման արարողությանը: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 327 մլն 736 հազար դրամ, որից Կառավարությունը հատկացրել է 70%-ը՝ 229 մլն 362 հազար դրամը։

Վարչապետն այցելել է նաև Արարատ համայնքի երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 34 մլն 743 հազար դրամ, որից Կառավարությունը հատկացրել է 75.3 %,-ը՝ շուրջ 26 մլն 183 հազար դրամը: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է համայնքի կողմից հատկացված շինության 158 քմ մակերեսով տարածք, կահավորվել գույքով և տեխնիկայով: Տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվում է առնվազն 635 երիտասարդ՝ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 4-ի դրությամբ գրանցվել է 1220 այցելու: