Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 13-ից մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը: Այս տարի այն կրում է «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» խորագիրը:

Միջոցառումների հիմնական նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել դպրոցական գրադարաններին՝ կարևորելով կրթամշակութային գործընթացում դրանց դերը: «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում ապրիլի 13-20-ն իրականացվելու են ճանաչողական այցեր, փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող հանդիպումներ, սեմինարներ՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանային աշխատողների մասնակցությամբ:

Դպրոցական գրադարանների հիմնախնդիրներն արձանագրելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով ապրիլի 15-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ գրադարանային ոլորտի պետական կառույցների և Երևանի դպրոցական գրադարանների աշխատանքները համակարգող ներկայացուցիչների, ինչպես նաև դպրոցների գրադարանավարների մասնակցությամբ:

Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 20-ին:

«Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրը կազմակերպվում և անցկացվում է 2002 թվականից՝ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից: Այն հարթակ է առկա հիմնախնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերհանման, Հայաստանի գրադարանային ոլորտի զարգացման և գրադարանների դերի բարձրացման համար: