ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է անցյալ տարի աշնանը ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման և ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ:
«Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են անցումային շրջանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացի անխոչընդոտ անցկացմանը, ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման մարմինների ընտրության գործընթացին»,- զեկուցել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել՝ կան նաև որոշակի խմբագրական փոփոխություններ։
Նա առանձնացրել է ամենակարևոր փոփոխությունները՝ նշելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով նախատեսվում է, որ սահմանված ժամկետներում բուհերը կներկայացնեն ընդունելության համար հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկը, կամրագրվեն պետության կողմից փոխհատուցվող տեղերի համար լիազորող նորմեր և այլն։
Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ փոփոխությամբ առաջարկվում է, որ գործող իրավակարգավորումները շարունակվեն՝ մինչև նոր պայմաններով նախատեսվող ընդունելությունը կկազմակերպվի։
«Բուհերը, հաշվի առնելով պետության առաջադրած նվազագույն պայմանները, պետք է հրապարակեն, թե յուրաքանչյուր բուհ ինչ պայմանով է իրականացնում ընդունելությունը։ Ակնկալվում է, որ այս ընթացքում կմշակվի ընդունելության նոր կարգը, և բուհերը պատրաստ կլինեն նոր համակարգի անցմանը»,- ասել է նա
Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է մասնակի բեռնվածությամբ ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Երրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է բուհերի և գիտական կազմակերպությունների հոգաբարձների խորհուրդների ձևավորմանը, դրանց գործադիր մարմինների՝ գիտական կազմակերպությունների տնօրենների և բուհերի ռեկտորների ընտրությանը ներկայացվող նոր պահանջներին ու կարգավորումներին: