ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբելյանն այսօր այցելել են Հրազդան մարզադաշտին հարող տարածքում կառուցվող «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Շինհրապարակում նախարարին և ՀՖՖ նախագահին ներկայացվել են ակադեմիայի նախագծերը, շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների մանրամասները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ակադեմիայի հիմնումը կարևորել է հայկական ֆուտբոլի զարգացման, երիտասարդ սաների մարզական կրթության և միջազգային համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող այս տարածքում ժամանակակից մարզական ենթակառուցվածքների խոշոր հանգույց է ձևավորվում․ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցն է կառուցվում։

Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված 3 մարզաբազայից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Մարզաբազայում նաև հյուրանոց-կացարան է գործելու եվրոպացի մարզիչների և ակադեմիայում սովորող մարզաբնակ երեխաների համար։

Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։