Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա 14.583 միավոր է հավաքել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում. եզրափակչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ընդ որում՝ Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր: