Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ինչպես նաև սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, հյուրեր և բազմաթիվ մարզասերներ։

Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի շրջանակում առաջին անգամ անցկացվում են նաև կույրերի մրցումներ։ Հատկանշական է նաև, որ Հայաստանին շնորհվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունների մշտական անցկացման իրավունքը։

Բացման արարողության ընթացքում ընթերցվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վալերի Շեստակովի ողջույնի ուղերձը։ Նա նշել է, որ Երևանում անցկացվող մրցաշարը բացում է նոր մրցաշրջանը և հանդիսանում է միջազգային ֆեդերացիայի օրացույցի առաջին վարկանիշային մեկնարկը։ Նա հատուկ ընդգծել է կույրերի մրցումների անցկացումը՝ նշելով, որ FIAS-ի պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց հետ միասին մեդալների համար կպայքարեն նաև տեսողության խնդիրներ ունեցող կին մարզիկները։ Վալերի Շեստակովը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ սամբոյի զարգացմանը ցուցաբերվող ուշադրության և աշխարհի գավաթի խաղարկության բարձր մակարդակով կազմակերպման համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ Նա ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին անցկացված սամբոյի միջազգային խոշոր մրցաշարերը, այդ թվում՝ դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները, մեծահասակների աշխարհի առաջնությունը, աշխարհի գավաթի մրցաշարերը և այլն։

«Այս ամենը միասնական և նպատակային աշխատանքի արդյունք է․ հայ մարզիկներն այսօր հնարավորություն ունեն ստանալու իրենց արդյունքներին համարժեք խրախուսումներ, ինչը մեծապես նպաստում է նրանց մոտիվացիային և հաջողություններին։ Սամբոն Հայաստանում ունի պետական զգալի աջակցություն և զարգացման լայն հեռանկարներ»,- ասել է Միքայել Հայրապետյանը՝ շնորհակալություն հայտնելով Կառավարությանը՝ Հայաստանում նման հնարավորություններ ստեղծելու համար։

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև ապրիլի 11-ը։ Մրցաշարին մասնակցում է 22 երկրի ավելի քան 500 մարզիկ։ Մրցումներն անցկացվում են Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում։

Մրցաշարը Երևանում անցկացվում է արդեն երրորդ անգամ․ այստեղ են անցկացվել նաև 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։