ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում ներկա է եղել «Հին Ասորեստանի մշակութային ժառանգությունը» խորագրով միջոցառմանը:
Ասորական Նոր տարվա տոնակատարությանը նվիրված միջոցառման շրջանակում 6-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են հնագույն Ասորեստանի լեզուն, մշակույթը, ավանդույթները, անդրադարձել ասորական Նոր տարվա (Ակիտու) խորհրդին։ Դպրոցականները հանդես են եկել ասորական ազգային երգերով, պարերով, ներկայացրել Ասորեստանի մշակութային ժառանգությունն ու պոեզիան՝ հայերենով, ռուսերենով, ասորերենով: Նշենք, որ Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում, որպես դասաժամ ասորական լեզուն և մշակույթը ուսումնասիրում են ռուսերենով ուսուցմամբ 1-9-րդ դասարանների աշակերտները՝ որպես ՀՀ-ում գրանցված ազգային փոքրամասնության լեզու, մշակույթ և պատմություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ միջոցառումը տպավորիչ և գեղեցիկ էր ներկայացված: Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և երեխաներին ասորերենով հնչեցրած պոեզիայի, ասորական ազգային երգ ու պարին, պատմությանն ու ավանդույթներին ծանոթանալու հնարավորության համար։
«Դուք հնարավորություն ունեք սովորելու աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ ասորերենը, որը դպրոցում սովորող ասորի աշակերտների համար մայրենի լեզու է, սեփական մշակույթը, ավանդույթները, պատմությունը ուսումնասիրելու իրավունքի իրացում։ Միաժամանակ, սա ևս մեկ օտար լեզու սովորելու կարևոր առավելություն է նրանց համար, ովքեր ազգությամբ հայ են կամ մեկ այլ ազգության ներկայացուցիչ։
Ասորական Նոր տարին (Ակիտու), որն այսօր ներկայացրեցիք, միայն տոնի մասին չէ, այլ հազարամյակների պատմության, ավանդույթների, մշակույթի և մեզ հասած ոչ նյութական մշակութային ժառանգության: Այս միջոցառման շնորհիվ դպրոցի հայկական դասարաններում սովորող մյուս աշակերտներն իրենց դասընկերների միջոցով հաղորդակցվեցին Ասորեստանի հնագույն պատմությանը, մշակույթին և ավանդույթներին, որը շատ կարևոր է ոչ միայն ճանաչողության, այլև մասնագիտական կողմնորոշման տեսակետից»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ դիմելով մասնակից աշակերտներին:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդող ուսուցիչներին կարևոր աշխատանքի համար, իսկ դպրոցին՝ միջոցառման կազմակերպման և կրթությունը հետաքրքիր, բազմաբովանդակ դարձնելու համար:
Ա․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Մխիթարյանի նշմամբ՝ ասորական մշակույթն իր բոլոր դրսևորումներով ոչ միայն պատմական հիշողություն է, այլև կենդանի ներկայություն, որը սերնդեսերունդ փոխանցվում է, արժևորվում և պահպանվում․ «Մշակութային ժառանգության պահպանությունը ներկա ժամանակների կարևորագույն առաքելություններից է, և մենք պարտավոր ենք այն պահպանել տարբեր կրթական և մշակութային նախաձեռնությունների միջոցով։ Հայ և ասորական ժողովուրդների հարաբերությունները հիմնված են եղել հարգանքի, համակեցության և համագործակցության վրա և ունեն դարավոր պատմություն․ այս բարեկամությունը մեր ուժն է, և մենք պարտավոր ենք այն պահպանել»։
Դպրոցի ասորերենի ուսուցչուհի Վերա Ավչյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումները՝ նշելով, որ դրանք բարեկամության ամրապնդման և մշակութային արժեքների փոխանցման դրսևորումներից են։ Նա մասնակցել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը՝ գրանցելով դրական արդյունք։