Վերջին տարիներին Կառավարությունը խոշոր սպորտային միջոցառումների և մրցաշարերի հյուրընկալման հետևողական քաղաքականություն է վարում, որն ուղղված է միջազգային հարթակներում ՀՀ դիրքերի ամրապնդմանը։ Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծման ծրագրի քննարկման ժամանակ։
Նախարարի դիտարկմամբ՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում կառուցվող ավանը, բացի համահայկական խաղերի պատշաճ անցկացմանը ծառայելուց, կարող է նպատակային օգտագործվել նաև միջազգային խոշոր սպորտային միջոցառումների կազմակերպման ընթացքում։ Նրա խոսքով՝ մարզիկների և պատվիրակությունների տեղակայման հարցերը հիմնականում լուծվում են հյուրանոցային ենթակառուցվածքների միջոցով, մինչդեռ միջազգային ընդունված չափանիշներով առավել արդյունավետ է սպորտային ավանների առկայությունը, որոնք ապահովում են ավելի հարմարավետ և նպատակային պայմաններ։ Դրանք զգալիորեն հեշտացնում են ինչպես լոգիստիկ խնդիրների լուծումը, այնպես էլ ընդհանուր կազմակերպչական գործընթացը։
«Հաշվի առնելով, որ այստեղ նախատեսվում է շուրջ 600 էկո տնակների տեղադրում՝ համապատասխան ենթակառուցվածքներով, վստահ եմ, որ ստեղծվող համակարգը կարող է ծառայել ոչ միայն Համահայկական խաղերի անցկացմանը։ Ուզում եմ նաև նշել, որ համահայկական խաղերը մեծ հետաքրքրություն են վայելում․ օրինակ՝ նախորդ տարի Ջերմուկում, ավելի քան 10 տարվա ընդմիջումից հետո, կայացան Ձմեռային համահայկական խաղերը, որոնց մասնակցում էին պատվիրակություններ ավելի քան 18 երկրներից, իսկ մասնակիցների թիվը գերազանցում էր 1300-ը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ տվյալ ենթակառուցվածքը կարող է լայն հնարավորություններ ստեղծել նաև այլ սպորտային միջոցառումների կազմակերպման և հյուրընկալման համար՝ համահունչ Կառավարության որդեգրած քաղաքականությանը։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է, որ տարածքի մոտ 50%-ը կօգտագործվի կառուցապատման համար, իսկ մնացած հատվածը ամբողջությամբ կկանաչապատվի։ Նախատեսվում է տնկել շուրջ 20 հազար ծառ՝ ձևավորելով կանաչապատ, անտառային միջավայր, որը կարող է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել մարզիկների նախապատրաստման համար։
Հիշեցնենք՝ ներդրումային ծրագրով նախատեսվում է Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծում, որը Համահայկական ամառային և ձմեռային խաղերի անցկացման ժամանակ ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր։ Միաժամանակ, մարզական ավանն օգտագործվելու է երիտասարդական տարբեր հավաքների, սփյուռքահայ ուսանողների կեցության, Հայաստան - Սփյուռք բազմաբովանդակ ծրագրերի, ինչպես նաև հանգստի և ժամանցի կազմակերպման նպատակներով։