Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը: Այն վերանորոգվել է ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 514 հազար դրամ։
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզում: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 90 սաների համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 470 մլն 180 հազար դրամ, որից 70%-ը՝ շուրջ 329 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:
Չարենցավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել են «Բջնի Ամրոց» պատմամշակութային արգելոց տանող 2 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 104 մլն դրամ: Վարչապետը կարևորել է ճանապարհի կառուցումը, ինչը կնպաստի Բջնիում զբոսաշրջության խթանմանն ու «Բջնի Ամրոց» զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։
Այնուհետև վարչապետն այցելել է Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոց: Այն վերանորոգվել է 300 դպրոցների ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 377 մլն 880 հազար դրամ։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում վերանորոգվել է շինության 300 քմ մակերեսով տարածքը, կահավորվել գույքով և տեխնիկայով: Կենտրոնն ընդգրկված է եղել Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով մինչև 2026թ. ավարտը նախատեսված 25 երիտասարդական կենտրոնների թվի մեջ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 մլն 983 հազար դրամ, որից ՀՀ Կառավարությունը հատկացրել է 59%-ը՝ շուրջ 21 մլն 708 հազար դրամ:
Աբովյան համայնքում երկրի ղեկավարը շրջայց է կատարել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 165 մլն 544 հազար դրամ, որից 70 %՝ շուրջ 115 մլն 881 հազար դրամը, հատկացրել է Կառավարությունը։
Ակունք համայնքում վարչապետը ծանոթացել է Նոր Գյուղ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքի պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 263 մլն 144 հազար դրամ, որից 70%-ը՝ շուրջ 184 մլն 200 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը։
Նիկոլ Փաշինյանը Ջրվեժ համայնքում այցելել է Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ 300 դպրոցների ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 205 մլն դրամ։