Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականին իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդեսը։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել պետական մշակութային քաղաքականության առաջնահերթությունները, ընդգծել ոլորտի զարգացման կարևոր ուղղությունները, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը ֆինանսավորում ստացած ծրագրերի վերաբերյալ։

2026 թ. մշակույթի ոլորտի դրամաշնորհային ծրագրերն անցկացվել են 7 անվանակարգում՝

  • Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր
  • Կինոարվեստի նախագծեր
  • Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր
  • Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում
  • Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին
  • Ոչ պետական մամուլի հրատարակում
  • Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն

Ընդհանուր առմամբ՝ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվել 278 հայտ, որից հաստատվել է 126-ը՝ 727 մլն 290 հազար դրամ ֆինանսավորման ընդհանուր ծավալով:

«ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտում նպատակաուղղված է ստեղծարար արդյունաբերության զարգացմանը և ստեղծագործական նորարարությունների խթանմանը, նոր արվեստային հարթակների ձևավորմանը, արվեստի ապակենտրոնացմանը և համայնքային մշակութային կյանքի աշխուժացմանը, երիտասարդ և տաղանդավոր արվեստագետների ինքնադրսևորմանը, երիտասարդների մասնագիտական ու ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ Կարևոր են նաև արվեստի մատչելիությունը, մշակութային բազմազանության և ներառական մշակութային միջավայրի ապահովումը։ Այս քաղաքականությունն իրագործվում է դրամաշնորհային ծրագրերի միջոցով՝ խթանելով նոր ստեղծագործական նախաձեռնությունների իրականացումը»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍՆ մշակութային ծրագրերի շնորհանդեսը դառնում է ավանդույթ։

Նրա խոսքով՝ այսօրինակ միջոցառումը կարևոր է նաև հանրության առաջ հաշվետվողականության և թափանցիկության ապահովման տեսանկյունից, որը նաև հնարավորություն է ուղղակիորեն ներկայացնելու պետության ակնկալիքները մշակութային միջոցառումներ իրականացնող կառույցներից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ նախագծերում պարտադիր բաղադրիչ են կրթությունը և մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը. «Մշակույթի ռազմավարությամբ ամրագրված է խթանել նորարարությունը, ընդլայնել մշակութային մասնակցությունը և ապահովել մշակութային կյանքի ակտիվացումը ողջ հանրապետությունում՝ հատկապես մարզերում, ինչն էլ արտացոլված է դրամաշնորհային ծրագրերում»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նաև շնորհավորել է ներկա կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Շնորհանդեսի ընթացքում դրամաշնորհային մրցույթներում հաղթած մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են 2026 թվականի ծրագրերը` մանրամասնելով դրանց բովանդակությունը, ստեղծագործական ու կրթական արժեքը, ակնկալվող արդյունքը: